Սարգսյանը՝ Փաշինյանին. օրինական կարգով ինձ պատկանող գումարները երկրից դուրս հանելու փոխարեն, դրանք որպես ավանդ ներդրել եմ բանկում
Սեպտեմբերի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը միայն մեկ բանկում ունի մոտ $30 մլն: Նա Սարգսյանին մեկ շաբաթ ժամանակ էր տվել այդ գումարը պետությանը վերադարձնելու համար: Այս մասին հայտնում է Panarmenian.am-ը։
Ի պատասխան Ալեքսանդր Սարգսյանի գրասենյակը տարածել է նրա հայտարարությունը՝ հորդորելով ՀՀ վարչապետին կոչ անել ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին` վերադառնալ օրինականության դաշտ, անհապաղ վերադարձնել իրեն և իր ընտանիքին պատկանող գույքը և դրամական միջոցները, կալանքից ազատել իրեն և իր ընտանիքին պատկանող դրամական միջոցները։
Հայտարարության մեջ ասվում է, որ Փաշինյանը «բացահայտ և հրապարակային սպառնացել է ՀՀ քաղաքացի Ալեքսանդր Սարգսյանին և մեկ շաբաթ ժամանակ տվել, որպեսզի օրինական կարգով Ա. Սարգսյանին պատկանող դրամական միջոցները վերադարձվեն պետական բյուջե»:
«Փաշինյանը ոչինչ չի ասել այն մասին, թե ինչու և ինչ հիմքով ես այդ գումարները պետք է վերադարձնեմ ՀՀ պետական բյուջե: Նման հայտարարություն անելուց առաջ ՀՀ վարչապետը նախ պետք է նշեր, որ օրենքով սահմանված կարգով հաստատվել է, որ իմ բանկային հաշվին առկա գումարները ձեռք են բերվել անօրինական ճանապարհով, ապա նաև պետք է նշեր, որ այդ գումարները հափշտակվել են ՀՀ պետական բյուջեից, դրա համար էլ ենթակա են վերադարձման ՀՀ պետական բյուջե:
Սակայն Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նման հայտարարություններ չարեց, այլ, ընդդհակառակը, մոտ մեկ ամիս առաջ` օգոստոսի 17-ին, հերթական հանրահավաքում ունեցած իր ելույթում նա ևս անդրադառնալով իմ բանկային հաշվին առկա գումարներին, նշել էր հետևյալը. «Հիմա էդ հաշվեհամարում, որ այդ գումարը կա, զուտ Հայաստանի էսօրվա ֆորմալ օրենքների տեսակետից չափազանց դժվար է դրա հետ կապված քննություն կազմակերպելը, որովհետև այդ մարդը ֆորմալ առումով շատ երկար տարիներ պետական պաշտոնյա չի եղել, հետևաբար հայտարարագիր չի ներկայացրել և ֆորմալ առումով էստեղ կան դժվարություններ այդ գումարը հետաքննելու և օրենքով սահմանված կարգով առգրավելու»:
Այս հայտարարությունում Նիկոլ Փաշինյանը 2 կարևոր հանգամանք է ընդգծել.
առաջինը` ես երկար տարիներ պետական պաշտոնյա չեմ եղել, ինչով հաստատվում է, որ ՀՀ պետական բյուջեի հետ ընդհանրապես որևէ առնչություն չեմ ունեցել, ինչից ելնելով էլ զարմանալի է, թե ինչու է ՀՀ վարչապետը սպառնում, որ այդ գումարները հենց ՀՀ պետական բյուջե վերադարձնեմ.
երկրորդ` այդ գումարներն օրենքով սահմանված կարգով ենթակա չեն բռնագանձման»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ բոլորն էլ քաջ հասկանում են, որ եթե որևէ մեկն անօրինական ճանապարհով կամ հանցագործության միջոցով գումար է հափշտակել, ապա ՀՀ-ում գործող օրենքները միանշանակ թույլ են տալիս բռնագանձել այդ գումարները և հակառակը` որևէ մեկին պատկանող գումարները չեն կարող բռնագանձվել, եթե չի հաստատվել դրանց անօրինական լինելը:
«Ստացվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաջ հասկանալով, որ ես այդ գումարներն անօրինական ճանապարհով ձեռք չեմ բերել, որ դրանք օրենքով սահմանված կարգով չեն կարող բռնագանձվել, իմ նկատմամբ ունեցած իր բացասական վերաբերմունքից ելնելով և փորձելով օգտագործել ՀՀ վարչապետի իր պաշտոնեական դիրքն ու իշխանությունը, սպառնում է, որպեսզի ես ինքնակամ ՀՀ պետական բյուջեին հանձնեմ սեփականության իրավունքով ինձ պատկանող գումարները:
Վստահ եմ, որ ՀՀ վարչապետը և իրավապահ մարմինները քաջ հասկանում են, թե իրավական տեսնակյունից ինչպես են որակվում ՀՀ վարչապետի այդ գործողությունները:
Այս համատեքստում խիստ մտահոգիչ է նաև, որ ՀՀ վարչապետն օրենքով սահմանված կարգի խախտմամբ տիրապետում է իմ վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին, ինչպես նաև, որ անօրինական կարգով հրապարակել է այդ տեղեկությունները:
Եվ եթե ՀՀ վարչապետն օրենքով սահմանված կարգի խախտմամբ տիրապետում է նման տեղեկությունների, ուստի վստահ եմ, որ քաջ տիրապետում է նաև այն տեղեկություններին, որ 1985-1995թթ. ընթացքում բիզնես գործունեություն եմ իրականացրել Ռուսաստանի Դաշնությունում և ՀՀ եմ վերադարձել խոշոր գումարով, որից հետո թեկուզ մեկ տարի չեմ դադարել աշխատելը»,-ասվում է հայտարարության մեջ:
«Ընդ որում, վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը քաջ տեղեկացված է նաև, որ օրինական կարգով ինձ պատկանող գումարները ՀՀ-ից դուրս հանելու փոխարեն, ես դրանք որպես ավանդ ներդրել եմ ՀՀ բանկում, որով իմ որոշակի ներդրումն եմ ունեցել բանկային համակարգի և տնտեսության զարգացման հարցում, միաժամանակ երկար տարիների ընթացքում այդ խոշոր ավանդի դիմաց օրինական կարգով տոկոսներ եմ ստացել, որոնք կազմում եմ իմ բանկային հաշվում այս պահին առկա գումարի զգալի մասը, իսկ մյուս զգալի մասը կազմում են բացառապես ինձ պատկանող (ոչ թե 50%) ընկերությունների գործունեությունից տարիներ շարունակ ստացված և ՀՀ հարկային մարմիններ ներկայացված հաշվետվություններում արտացոլված գումարների հաշվին:
Այս պահին դեռևս չեմ ցանկանում անդրադառնալ իմ և ընտանիքիս անդամների նկատմամբ ՀՀ պետական մարմինների կողմից իրականացվող ակնհայտ անօրինականություններին և հետապնդումներին, իմ գույքերի և բանկային հաշիվների վրա անօրինական կարգով դրված կալանքներին, ինչպես նաև դրանց հետևանքով ինձ պատճառվող հսկայական վնասներին, սակայն ՀՀ վարչապետին հորդորում եմ կոչ անել ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին` վերադառնալ օրինականության դաշտ, անհապաղ վերադարձնել ինձ և իմ ընտանիքին պատկանող գույքերը և դրամական միջոցները, կալանքից ազատել ինձ և ընտանիքիս պատկանող դրամական միջոցները։
Միևնույն ժամանակ հրապարակային հայտարարում եմ, որ վերը նշված գործողությունները կատարելու և Հայաստանի Հանրապետությունում իրական օրինականություն հաստատվելու դեպքում, պատրաստ եմ օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցների որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` իմ նախընտրած ոլորտը զարգացնելու և իրապես հզոր Հայրենիք կառուցելու նպատակով, ինչը մշտապես լռելյայն կատարել եմ»,-ասվում է հայտարարության մեջ:
ՀՀ Կենտրոնական բանկը չի մեկնաբանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի միայն մեկ բանկում $30 մլն ունենալու մասին հայտարարությունը: