Կարեն Բաղդասարյանը «Հրապարակին» հայտնել է, որ Միքայել Մինասյանը Սպայկայի հետ կապ չի ունեցել և չունի
Կառավարությունը երեկվա նիստում արտոնություն տրամադրեց «Սպայկա» ընկերությանը՝ ազատելով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից։ «Սպայկան» տարիներ շարունակ կապվել է իշխանությունների հետ, սկզբում՝ Ռոբերտ Քոչարյանի որդու, ապա՝ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի անվան հետ։ Վերջինս, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, զրկվել է իր բաժնեմասից, անգամ շեշտում են՝ «խլել են»։ «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը «Հրապարակի» զրույցում ասաց․ «Նախ պաշտոնապես հայտարարում եմ, որ Միքայել Մինասյանը մեր հետ կապ չի ունեցել եւ չունի էլ»։
– Նա բաժնեմաս չունե՞ր, որը վաճառել է մեկ այլ փայատիրոջ։ Նման գործարք տեղի ունեցե՞լ է։
– Ես նույնիսկ չեմ հասկանում՝ ինչ լուրերի հիման վրա եք Դուք նման բան ասում, նման մարդ ընկերության հետ կապ չունի ու չի էլ ունեցել։ Ես Ձեզ հավաստիացնում եմ՝ որեւէ կապ որեւէ պաշտոնյայի հետ «Սպայկա» ընկերությունը չունի՝ ո՛չ ներկա, ո՛չ նախկին։
– Ո՞վ է այդ դեպքում ընկերության սեփականատերը։
– «Սպայկա» ընկերությունը հիմնադրվել է Դավիթ Ղազարյանի կողմից, նա էլ սեփականատերն է։
– Այսինքն՝ այս մեկ-երկու տարվա ընթացքում բաժնեմասերի փոփոխություն, առքուվաճառք, բաժնեմասը խլելու գործընթաց տեղի չի՞ ունեցել «Սպայկայում»։
– Բաժնեմասերի փոփոխություն տեղի է ունեցել, բայց դա տեղի է ունեցել մեր ներքին կառավարման համակարգի հետ կապված, ներքին մենեջմենթի հետ փոխկապակցված մարդկանց միջեւ է դա տեղի ունեցել։
– Բայց «Սպայկա» ընկերությունը նախկինում մշտապես կապվել է իշխանությունների հետ, իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները «պատժիչ» գործողություններ սկսեցին «Սպայկայի» դեմ, ապա միանգամից վերաբերմունքը փոխվեց՝ սկսեցին գովել, իսկ այսօր արդեն մաքսային արտոնություն տվեցին։ Ինչպե՞ս հասաք դրան, որ կառավարությունը տվեց այդ արտոնությունը։
– Նախ, ինձ համար մի քիչ անհասկանալի է, թե ինչ է նշանակում՝ նախկինի հետ ու նորի հետ։ Ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին եւ 16-17 տարի է՝ արդեն ինտենսիվ գործունեություն է ծավալում ու ներդրումներ է կատարում Հայաստանում։ Մենք ավելի քան 1600 նոր աշխատատեղ ենք ստեղծել։ Ի՞նչ է նշանակում՝ նախկինի հետ, թե նորի հետ։
– Նախկին՝ նկատի ունեմ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի անվան հետ էր կապվում։
– Հենց պրոբլեմը նրա մեջ է, որ մենք բազմիցս հերքել ենք նման փոխկապակցվածությունը, բայց մարդիկ դեռ շարունակում են անիմաստ խոսակցություններ՝ նախկիններ, նորեր։
– Լավ, տնտեսական զարգացման առումով իշխանափոխությունից հետո ձեր ընկերության կյանքում ի՞նչ է փոխվել, ներդրումների, զարգացման առումով ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվա՞ծ են այժմ։
– Դուք էդ հարցի պատասխանը Ձեր նախորդ հարցի մեջ տվեցիք․ նոր կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի երկրի ներդրում անող ընկերությունները կարողանան շարունակել իրենց գործունեությունը ծավալել, զարգանալ եւ ներգրավել ներդրումներ։ Մենք այդ ընկերություններից մեկն ենք։ Պրոյեկտներ ենք անում, որոնք նախկինում մեկնարկել ենք, հիմա շարունակում ենք եւ նոր նախաձեռնություններով ենք հանդես գալիս։ Կառավարությունն էլ օրենքի շրջանակներում աջակցում է այդ նախաձեռնություններին։ Ինչ վերաբերում է՝ մեզ համար ինչ-որ բան փոխվել է, թե չէ, մենք ինչպես մեր խնդիրները ներկայացրել ենք նախորդ իշխանությունների ժամանակ, նույնպես խնդիրներ ունենք եւ ներկայացնում ենք նոր իշխանություններին, որոնք կա՛մ լուծվում են, կա՛մ չեն լուծվում։ Ինչպեսեւ եղել է նախորդ իշխանությունների ժամանակ։ Ամեն ինչ ներկայացվում է, եւ, փառք Աստծո, էսօրվա դրությամբ շատ ադեկվատ արձագանքի է արժանանում կառավարության կողմից բոլոր բարձրացված խնդիրներին, եւ օպերատիվ կերպով դրանք լուծվում են։ Էդ առումով դժգոհելու բան չունենք։
– Իսկ նախորդները չէի՞ն անում, չէի՞ն փորձում խթանել, աջակցել, արտոնություններ տրամադրել։
– Նախորդների հետ, էսպես ասեմ, կոմունիկացիան ավելի բարդ էր, քան ներկաների հետ։ Ներկայիս իշխանությունները շատ ավելի բաց են երկխոսության համար, շատ ավելի արագ են արձագանքում։ Նախորդների համեմատ, իհարկե, հիմա ավելի օպտիմալ է մեր աշխատանքը։
– Դուք տարբեր ապրանքատեսակներ եք արտահանում հիմնականում Ռուսաստան, այդ թվում՝ ծիրան, արտահանման ծավալների առումով այսօր ի՞նչ պատկեր ունեք։
– Ընդհանրապես այն շուկաները, որտեղ որ Հայաստանից ապրանք արտահանվում է, բավականին ստագնացիոն վիճակում են։ Այսինքն՝ իրավիճակը վաճառքների մասով արտահանման ենթակա շուկաներում այդքան բարվոք չէ։ Այդ առումով, իհարկե, որոշակի ռիսկեր են ընկերության համար առաջանում։ Բայց մենք շարունակում ենք ընդլայնել մեր վաճառքները, մեր շուկաները։ Այս տարի առաջին անգամ նաեւ Դուբայի շուկա արտահանվեցին Հայաստանի ջերմոցային ապրանքները։ Դա շատ մեծ հաղթանակ կարելի է համարել, քանի որ այն, կարելի է ասել, դիվերսիֆիկացիայի է ենթարկում շուկան, մյուս տարվանից նաեւ Եվրոպա կսկսի արտահանվել։ Այնպես որ, շուկայի ընդլայնման տեսակետից մեր ընկերությունը խնդիրներ չունի։
Վահե Մակարյան