Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է վարչապետին՝ առաջարկելով ստեղծել Աշխատանքի պետական տեսչություն
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում ստեղծել Աշխատանքի պետական տեսչություն։ «Բիզնես 24»-ն այս մասին տեղեկացավ Մարուքյանի ֆեյսբուքյան էջից։
«Քաղաքացիների աշխատանքային իրավունքները պաշտպանող պետական մարմին է անհրաժեշտ: Խնդիրն այն է, որ արդեն մի քանի տարի է, ինչ չի գործում աշխատանքի պետական տեսչությունը, իսկ ներկայիս առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը չունի լիազորությունների այն ողջ ծավալը, ինչ ուներ աշխատանքի պետական տեսչությունը (աշխատանքի տևողություն, արձակուրդ, ստաժ, չհրամանագրված աշխատողներ, աշխատավարձին առնչվող խնդիրներ և այլն)։ Ընդ որում, այստեղ խոսքը հատկապես բազմաթիվ գործատուների կողմից իրականացվող զանգվածային և պարբերական խախտումների մասին է»,-նշել է Մարուքյանը:
Նա կարծիքով՝ հազարավոր քաղաքացիներ աշխատում են ծայրահեղ վատ պայմաններում՝ առանց օրենքով սահմանված ժամաքանակի սահմանափակման, առանց նորմալ հանգստյան օրերի՝ ստանալով չնչին աշխատավարձ։ Մարուքյանը նշել է, որ չհրամանագրվածները հետագայում զրկվելու են աշխատած տարիները ստաժում հաշվարկելու իրավունքից և այդ տարիների համար չեն ստանալու աշխատանքային կենսաթոշակ և այլն։
«Այսպիսով, թվարկված աշխատանքային բնագավառի խնդիրների կարգավորման մասով որևէ պետական մարմին չի զբաղվում, և հետևաբար, աշխատողը կարող է միայն իր ոտնահարված իրավունքների պաշտպանության համար դիմել դատարան։ Իսկ դատարան դիմելը, հայտնի փաստ է, որ ծախսատար և ժամանակատար պրոցես է․ դատարան դիմելու համար անհրաժեշտ են խորը իրավական գիտելիքներ կամ դիմել փաստաբանի ծառայությանը»,-նշել է Մարուքյանը:
Այսպիսով, պատգամավորը անհրաժեշտություն է տեսնում վերստեղծել Աշխատանքի պետական տեսչություն, որի լիազորությունը կլինի աշխատանքային իրավունքի բնագավառում վերահսկողությունը՝ ինչպես սեփական նախաձեռնությամբ, այնպես էլ համապատասխան դիմումի հիման վրա։