Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Անշարժ գույքի շուկան ակտիվացել է. օտարերկրյա քաղաքացիների առուվաճառքի գործարքներն աճել են
23/07/2019 15:00
Կիսվել

Անշարժ գույքի շուկան ակտիվացել է. օտարերկրյա քաղաքացիների առուվաճառքի գործարքներն աճել են

Հայաստանի անշարժ գույքի շուկայում ակտիվություն է նկատվում, աճել են ինչպես առուվաճառքի գործարքների քանակը, այնպես էլ բնակարանների գները: Ընդ որում, ավելացել է նաև օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվող առուվաճառքների թիվը, անշարժ գույքի գործակալություններից որոշներն աճը նկատել են հեղափոխությունից հետո, ոմանք՝ ավելի վաղ:

«Դեռ նախորդ տարվա ապրիլ-մայիսից գների կայուն աճ ենք արձանագրում: Նույնը որոշակի տատանումներով շարունակվել է նաև 2019-ին: Գների վրա ազդող գործոններից մեկն առուվաճառքի գործարքներն են, որոնք աճել են: Բացի այդ, կառավարության կողմից որոշակի ծրագրեր են իրականացվում, որոնք խթանում են անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը, օրինակ՝ եկամտահարկի վերադարձի ծրագիրը: Բանկերը ևս որոշակիորեն բարելավել են վարկերի պայմանները: Այս բոլորը նպաստել են բնակարանների առուվաճառքի գործարքների, հետևաբար՝ գների աճմանը»,-ասաց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգված դիտարկումների բաժնի պետի ժ/պ Աննա Նազարյանը:

Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներով՝ 2019-ի երկրորդ եռամսյակում Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 46 հազար 798 գործարք, որն առաջին եռամսյակի համեմատ աճել է 24.3 %-ով, իսկ 2018 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ` 17.3 %-ով:  Ընդ որում, 2019-ի երկրորդ եռամսյակում իրականացվել է անշարժ գույքի առուվաճառքի 12483  գործարք՝ 2018-ի նույն ժամանակի 11 190-ի և 2017-ի նույն ժամանակի 8 834-ի համեմատ: 

Շուկայում աշխուժությունն առաջինը նկատել են անշարժ գույքի գործակալությունները: «Ավելացում նկատում եմ հեղափոխության առաջին օրերից սկսած մինչև հիմա»,-ասաց «Նոր տուն» անշարժ գույքի և գնահատման գործակալության հիմնադիր տնօրեն Վլադիմիր Հարությունյանն ու հավելեց՝ մեկ ու կես տարի առաջվա համեմատ շարժը նկատելիորեն շատ է: Նրա խոսքով՝ զանգերի քանակը շատացել է, շատ են հետաքրքրվում նորակառույց բնակարաններով։ Հարությունյանը նաև գների շարունակական և քիչ-քիչ բարձրացում է նկատել: «Սկզբնական շրջանում գները բարձրացան ուղղակի հեղափոխության ֆոնի վրա, դրանից հետո պահանջարկ-առաջարկի հիման վրա: Առաջինը բարձրացան բնակարանների գները, հետո՝ հողերինը, հետո՝ արտադրական շինությունների գները»,-նշեց նա։

«Սվիթ հաուս ռիելթի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Ռուդիկ Հովհաննիսյանն անշարժ գույքի շուկայում նկատել է բնակարաների գների արհեստական մեծ աճ: Նա կարծում է, թե վաճառվող գույքը քիչ է, դրա հաշվին թվում է, թե շատ է պահանջարկը:

«Կոմպակտ ռիելթի» անշարժ գույքի գործակալության մենեջեր Հռիփսիմե Սամվելյանը գների աճը կապեց պահանջարկի մեծացման հետ: Նրա կարծիքով՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվող գործարքները ևս նպաստում են, որ գները բարձրանան:

2019-ի երկրորդ եռամսյակում Երևանի կենտրոնում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը եղել է 595 հազար դրամ՝  նախորդ տարվա նույն ժամանակի 517 հազար 400 դրամի համեմատ՝ աճելով շուրջ 15 տոկոսով: Ընդ որում, 2019-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշը առաջին եռամսյակի համեմատ ևս աճել է 2.9 տոկոսով:  Նույն ժամանակում աճ է նկատվել նաև Նուբարաշենում՝ 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը 174 հազար 200 դրամ՝ նախորդ տարվա 165 հազար 800 դրամի համեմատ: Գների աճ է նկատվել նաև որոշ մարզերում: Արտաշատում 2019-ի երկրորդ եռամսյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը եղել է 108 հազար 200 դրամ՝ առաջին եռամսյակի 105 հազար 100 դրամի համեմատ, Արմավիրում 102 հազար 450 դրամ՝ նախորդ եռամսյակի 96 հազար 600 դրամի համեմատ: Սակայն որոշ շրջաններում նկատվել է որոշակի նվազում, օրինակ` Ստեփանավանում՝ շուրջ 1.8 տոկոսով՝ կազմելով 64 հազար դրամ, Ծաղկաձորում՝ 1.3 տոկոսով՝ կազմելով 280 հազար դրամ:

Նազարյանը նկատեց՝ ցանկացած երկրում, երբ տունն ունի լավ արժեք, դրական է: «Դա ինչ-որ ձև բնութագրում է նաև երկրի իրավիճակը: Ուրեմն երկրում մարդկանց վաղվա օրվա նկատմամբ հավատ կա: Դա կայունության նշան է»,-ասաց նա:

Անշարժ գույքի գործակալությունների ներկայացուցիչները նաև օտարերկրյա քաղաքացիների կողմից առուվաճառքի գործարքների աճ են նկատել: «Նոր տուն» անշարժ գույքի և գնահատման գործակալության հիմնադիր տնօրեն Վլադիմիր Հարությունյանը նկատել է, որ օտարերկրյա քաղաքացիների կողմից առուվաճառքի գործարքների ակտիվություն կա, սակայն՝ դա դեռ մինչև հեղափոխությունը։ Նա նկատել է՝ օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում հիմնականում գնում են հողեր: «Սվիթ հաուս ռիելթի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Ռուդիկ Հովհաննիսյանն օտարերկրյա քաղաքացիների կողմից բնակարանների առքի աճ նկատել է հեղափոխությանը հաջորդող ամիսներին, սակայն հետո նորից անկում է զգացել: Ընդ որում, գործակալությունների ներկայացուցիչները նկատել են, որ օտարերկրյա քաղաքացիներից Հայստանում ավելի շատ գույք են գնում Ռուսաստանից և ԱՄՆ-ից:

Աննա Նազարյանն ասվածը ներկայացրեց թվերով՝ 2019-ի երկրորդ եռամսյակում առուծախի գործարքներից 1526-ը կատարել են օտարերկրյա քաղաքացիները: Երկրորդ եռամսյակում օտարերկրյա քաղաքացիների կողմից անշարժ գույքի գնումների (540 գործարք)  գործարքների ցուցանիշը 87.5 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ,իսկ 39.9 տոկոսով՝ առաջին եռամսյակի համեմատ: Օտարերկրյա քաղաքացիների կողմից վաճառքի գործարքի ցուցանիշը (1041 գործարք) անցյալ տարվա համեմատ ավելացել է 81.4 տոկոսով, իսկ անցյալ եռամսյակի համեմատ՝ 32.1 տոկոսով:

Օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված առուծախի գործարքների 76 տոկոսը եղել է Ռուսաստանից, 8 տոկոսն ԱՄՆ-ից և 7,1 տոկոսը՝ եվրոպական պետություններից: «Ռուսաստանից առուվաճառքի գործարքներ կատարողների զգալի մասը հայեր են, իսկ ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից հենց ամերիկացիներ ու եվրոպացիներ»,-նկատեց Նազարյանը:

Օտարերկրյա քաղաքացիները 2019-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում ամենաշատ գնել են բնակարան, կատարվել է բնակարանի առքի  237 գործարք, այնուհետև՝ անհատական բնակելի տան առքի 99 գործարք, հողի առքի 88 գործարք և այլն:

Անդրադառնալով առհասարակ անշարժ գույքի շուկային՝ Նազարյանը նկատեց՝ վարձակալության գործարքների թիվը ևս զգալիորեն աճել է: «Երևանում երկրորդ եռամսյակում ունեցել ենք բնակարանների 507 վարձակալության գործարք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 9.6 անգամ: Դա անոմալ թիվ է: Մի ժամանակ վարձակալության գործարքները գրեթե չէին էլ գրանցում, հիմա սկսել են գրանցել: Նույնիսկ վարձակալության արժեքները սկսել են ճիշտ գրել»,-ասաց նա:

Նա նկատեց՝ վերջերս մարդիկ շատ են հետաքրքրված նորակառույց շենքերի բնակարաններով: Նույնը նկատել են նաև անշարժ գույքի գործակալություններից։ 2019-ի երկրորդ եռամսյակում կատարվել է 1493 հիփոթեքային գործարք, որից 999-ը միայն Երևանում: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 48.7 տոկոսով:

Աննա Գրիգորյան

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85