Հայաստանի ֆոնդային բորսան գործարկել է ՀՀ պետական պարտատոմսերի աճուրդների կազմակերպման նոր համակարգ
Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) արդիականացրել է պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման և հետգնման աճուրդների հարթակն ամբողջովին նոր ծրագրային QUIK համակարգով։
«ԱՐՔԱ Թեքնոլոջիս» ընկերության QUIK-ը բազմաֆունկցիոնալ, այդ թվում նաև՝ բորսայական առևտրին ուղիղ հասանելիություն տրամադրող համակարգ է, որը թույլ է տալիս բրոքեր կազմակերպություններին ավելի դյուրին կազմակերպել միջնորդավորման գործընթացը ֆինանսական շուկայում։
ՀՀ պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման և հետգնման աճուրդների նոր համակարգի ներմուծումը և դրա բարեհաջող գործարկումը բորսայի տեխնոլոգիական արդիականացման առաջին քայլերն են, որոնց մասին բորսայի ղեկավարությունը խոսել է նախորդ տարվա ավարտին։
Տեխնոլոգիական վերազինումն իրականացվել է ՀՀ ֆինանսների նախարարության, կենտրոնական բանկի և գործակալ բանկերի հետ արդյունավետ համագործակցության և վերջիններիս աջակցության շնորհիվ։
Այս ծրագրային համակարգը նաև հիմք և հարթակ կդառնա արժեթղթերի երկրորդային շուկայի և բորսայական ծառայությունների հետագա զարգացման, այդ թվում՝ նոր ծառայություններ առաջարկելու գործում։ Հետագայում շուկայի ուղիղ հասանելիության համակարգի շնորհիվ՝ անհատ ներդրողները կունենան առցանց տարբերակով անմիջականորեն բորսա մուտք գործելու հնարավորություն՝ առևտուր իրականացնելու համար։ Հայաստանի ֆոնդային բորսայում հավաստիացնում են, որ տեխնոլոգիական վերազինումը լինելու է շարունակական։
Հայաստանի ֆոնդային բորսան իրականացնում է ՀՀ պետական պարտատոմսերի առևտուրը 2008 թվականից, իսկ տեղաբաշխման և հետգնման աճուրդների կազմակերպումը Հայաստանի ֆոնդային բորսայի լիազորությունների ներքո է անցել 2017 թվականի ապրիլից։
———–
Հայաստանի ֆոնդային բորսան տրամադրում է ամբողջապես ավտոմատացված առևտրային համակարգ և առևտրի իրականացման հարմարավետ պայմաններ: Ներկայում ֆոնդային բորսայում իրականացվում է բաժնետոմսերի, կորպորատիվ և պետական պարտատոմսերի, արտարժույթի, վարկային ռեսուրսների առևտուր, ինչպես նաև ՌԵՊՈ և ՍՎՈՊ գործարքների կնքում:
ԱՐՔԱ Թեքնոլոջիսը (ARQA Technologies) ռուսաստանյան առաջատար ֆինտեխ ծառայություններ և լուծումներ առաջարկող ընկերություն է։ Վերջինս առևտրային բանկերի, ներդրումային և ֆինանսական շուկայի այլ մասնակիցների համար մշակում և ներդնում է համալիր ծրագրային լուծումներ՝ ուղղված հիմնական բիզնես գործընթացների տեխնոլոգիական հիմքերի ավտոմատացմանը և թվայնացմանը։