Էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց սկսնակ կազմակերպություններին գործադիրի տնտեսական աջակցության ծրագիրը
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, թե կառավարության ինչպիսի տնտեսական աջակցությունից կարող են օգտվել սկսնակ կազմակերպությունները, որոնք տուժել են կորոնավիրուսի հետևանքով։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին Խաչատրյանն ասաց ապրիլի 9–ին հրավիրված մամուլի ասուլիսում։
«Մենք երկու խումբ կազմակերպությունների ենք առաջնահերթ աջակցության շրջանակում ներառել. նրանք, որոնք գործել են 2019թ. ընթացքում և իրենց վարկային պատմությամբ` իրենց գործընկեր բանկերի կողմից դիտվում են որպես վարկունակ և ծրագրերի շարունակականությունն ապահովելու համար արժանանում են կառավարության ֆինանսական աջակցությանը, և նրանց, որոնք 2019թ. գործունեության արդյունքներով ապացուցել են, որ ունեն լավ վարկային և հարկային պատմություն»,– ասաց Խաչատրյանը։
Նախարարը նշեց, որ այն կազմակերպությունները, որոնք գործում են 2020 թ. տարեսկզբից, դեռևս առաջնային խմբում լինել չեն կարող, սակայն կարող են օգտվել կառավարության ընդունած հինգերորդ միջոցառումից, եթե համապատասխանում են միջոցառման պայմաններին։
«Հինգերորդ միջոցառումը վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք 2020 թ. առաջին եռամսյակի ընթացքում գործել են և 2020 թ. մարտ ամսվա արդյունքներով չեն նվազեցրել իրենց աշխատակիցների քանակն ու աշխատավարձի ֆոնդը։ Այդ կազմակերպությունները, եթե հաստատում են այդ երկու փաստը, ապա երրորդ ամսվա արդյունքներով` ամեն հինգ աշխատակցի հաշվով մեկ աշխատակցի միջին աշխատավարձը նրանց հատկացվում է որպես դրամաշնորհ»,– նշեց Տիգրան Խաչատրյանը։
Նախարարը հավելեց, որ եթե սկսնակ կազմակերպությունը կարծում է, որ իր գործունեությունը կարող է որոշակի ճանապարհ անցնել, հաջողություններ ունենալ, ապա կարող է դիմել փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության ծրագրերին, որտեղ կա դրամային երաշխիքային ֆոնդ և որոշակի վարկային միջոցներ հասանելի են դառնում նման կազմակերպությունների համար՝ առանց գրավային ապահովման։
ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման 10 միջոցառում է հաստատել։
Նորայր Շողիկյան