Բանկերի միջոցով ստացվող ապահովագրական հատուցումը չի համարվի հարկման ենթակա եկամուտ
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, ըստ էության, առաջարկվում է բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով ստացվող ապահովագրական հատուցման գումարը չդիտել որպես հարկման ենթակա եկամուտ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 116 «կողմ» ձայն:
Նախագիծը ներկայացնելիս խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը մանրամասնել էր՝ ներկայումս վարկ ստանալու համար բանկերին և վարկային կազմակերպություններին դիմող շատ ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը ապահովագրվում է, և որպես դրանց շահառու է ճանաչվում բանկը կամ վարկային կազմակերպությունը: Մասնավորապես, եթե ապահովագրական պատահար է տեղի ունենում, ապահովագրական հատուցումը նախ ստանում են բանկերը կամ վարկային կազմակերպությունները, որոնք այդ գումարն ուղղում են վարկի մարմանը, այնուհետև մնացած գումարը տրվում է տվյալ ֆիզիկական անձին կամ կազմակերպությանը: Ներկայում գործող իրավակարգավորումների համաձայն՝ այդ ապահովագրական հատուցումը բանկերի և վարկային կազմակերպությունների համար ներառվում է շահութահարկով հարկման ենթակա բազային հարկման մեջ, ընդունվում է որպես եկամուտ: Միևնույն ժամանակ, երբ այդ գումարի մնացորդը վերադարձվում է տվյալ ֆիզիկական անձին կամ կազմակերպությանը, դա ևս դիտարկվում է որպես եկամուտ՝ եկամտային հարկով հարկման բազայի հաշվարկման ժամանակ: Նախագծով հանվում են այդ կարգավորումները, և թե բանկի, թե վարկային կազմակերպության համար այդ գումարը՝ ապահովագրական հատուցումը չի դիտվելու որպես եկամուտ, չի դիտվելու նրանց համար նաև ծախս, երբ վճարում են ֆիզիկական անձին կամ կազմակերպությանը, ինչպես նաև հարկման իմաստով եկամուտ չի դիտվի ֆիզիկական անձի կամ կազմակերպության համար:
Միայն բանկի և վարկային կազմակերպությունների համար եկամուտ չճանաչելու դրույթին հետադարձ ուժ կտրվի և կտարածվի 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած և ծագող հարաբերությունների վրա: Իսկ ֆիզիկական անձանց համար եկամուտ չդիտելու դրույթը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Աննա Գրիգորյան