Մանթաշով գործարարների միությունը անցկացրեց «Մեծ Կոնֆերանս» միջոցառումը
Մարտի 3 ին` գործարարի օրվա կապակցությամբ, Elite Plaza Business Center-ում «Մանթաշով» գործարարների միությունը կազմակերպել էր «Մեծ կոնֆերանս»։ Միջոցառումը բաց էր այցելուների համար, որոնք հնարավորություն ունեին լսելու «Մանթաշովի» անդամների հաջողության պատմությունները, վերլուծությունները, ձեռներեցության ընդհանուր էկոհամակարգի բարելավմանն ուղղված առաջարկները։ Բանախոսների սրահից դուրս կազմակերպված էր նաև որոշ ընկերությունների էքսպո ցուցադրություն, հնարավորություն տալով այցելուներին ոչ միայն պարզապես ծանոթանալու գործունեությանը, այլ որոշ դեպքերում նաև անիմջապես գործարար կապեր հաստատելու, զրուցելու գործարարների հետ` համագործակցության ուղիներ գտնելու ակնկալիքով։ Որոշ հաջողակներ կարողացան նաև աշխատանքի առաջարկներ ստանալ տեղում կազմակերպված աշխատանքի տոնավաճառում։ Գործատուների հետ անմիջական շփումը լավ հնարավորություն էր աշխատանք փնտրողների համար։
– Մեր նպատակը միավորվելն է՝ հանուն տնտեսական աճի, հանուն ապագայի, – նշեց «Մանթաշով» գործարարների միության համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը՝ սկսելով ելույթը։ Շեշտվեց նմանատիպ միջոցառումների կարևորությունը ոչ միայն գործարար կապեր ստեղծելու, ամրապնդելու նպատակով, այլ նաև գործարարի անվան շուրջ հյուսված քարացած լեգենդները ցրելու առումով։
Կոնֆերանսի մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն լսել այլ նաև մասնակցել ինտերակտիվ հարցուպատասխանին՝ միության անդամների ելույթներից հետո։
Գործարար Բակուր Մելքոնյանը կիսվեց հայկական բրենդի` համաշխարհային շուկաները գրավելու իր բիզնես փորձով, gինեգործներ Սամվել Մաչանյանն ու Արսեն Մկրտչյանը վերջին իրադարձություններից հետո այս ոլորտին թերահավատորեն վերաբերող մարդկանց նոր հույս ներշնչեցին, խոսելով հայկական գինեգործության փոքր, բայց հստակ քայլերով առաջընթացի մասին, սկսնակներին ներկայացրեցին գինեգործությունը որպես ձեռներեցություն դիտարկելու դեպքում իրենց առջև բացվող լայն հնարավորությունները։ Հայկական ամենաաղմկահարույց ստարտափերից մեկի՝ արդեն իսկ աշխարահռչակ Վոլթերմեն ընկերության հիմնադիր Ազատ Թովմասյանն էլ ներկայացրեց ամենաշատ շուկաներ գրաված հայկական արտադրանքի հաջողության գաղտնիքը։ Քննարկվեցին նաև զբոսաշրջության, ՏՏ ոլորտին, վերաբերող հարցեր։
Մասնակիցները միջոցառումը լքեցին բեռնված այցեքարտերով ու նոր գաղափարներով, մոտիվացված՝ նորանոր հաջողություններ գրանցելու։
Այս միջոցառումը կդառնա պարբերական, ու Հայ մեծ գործարար Մանթաշովի ծննդյան օրը կդառնա տոն ոչ միայն հայ գրծարարի այլ նաև նրանց հաճախորդների, գործընկերների ու էկոհամակարգի բոլոր մասնակիցների համար,- վերջում հավաստիացրեց «Մանթաշով» ԳՄ համահիմնադիր նախագահ՝ Վահրամ Միրաքյանը։