Դերասան, լուսանկարիչ, առաքիչ ու երկվորյակի մայր․ ազգությամբ ռուս Ելենան այս օրերին աշխատում և օգնում է արցախցիներին
Չզարմանաք, եթե Երևանում Yandex Go հավելվածով առաքում պատվիրեք, և ձեզ դիմավորի մի գեղեցկադեմ դերասանուհի։ Նա Ելենա Ֆրոլովան է։ Ծնվել ու մեծացել է Ռուսաստանում, իսկ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել Սամարայի Մշակույթի ակադեմիայում։
Ելենա Ֆրոլովա
«Շարունակում էի ապրել Մոսկվայում, պարզապես տարվա մեջ երկու անգամ գնում էի Սամարա՝ քննություններս հանձնելու։ Միաժամանակ նաև նկարահանվում էի տարբեր նախագծերում»,-պատմում է Ելենան։
2002-ին ավարտում է ակադեմիան և սկսում լուսանկարչություն սովորել։ Դերասաններին է լուսանկարում, ստուդիաներում պատվերով ֆոտոսեսիաներ անում։ Հետո մասնագիտանում է կինոաշխարհի այլ ասպարեզներում ևս։
Մոտ 15 տարի կինոյում աշխատում է որպես դերասան և նկարիչ-դիմահարդարների համակարգող՝ զուգահեռաբար զբաղվելով նաև լուսանկարչությամբ։
Ելենայի կողմից նկարահանված լուսանկարներից
«Եվ հենց կինոն էլ 2010 թ․ ինձ բերեց Հայաստան: Մոտ 2 ու կես ամիս աշխատեցի Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմում։ Այդ ընթացքում ծանոթացա մի օպերատորի հետ, որն ինձ երաշխավորեց «Ալաբալանիցա» ֆիլմում աշխատելու համար։ Եվ 2011-ին նորից եկա Հայաստան։ Հետո աշխատանքի անցա Ավագ Ավագյանի «Դուռը բաց» նախագծում»,-պատմում է Ելենան՝ նշելով, որ հենց այդպես էլ արմատներ գցեց Հայաստանում ու որոշեց մնալ այստեղ։
Արդեն 12 տարի ապրում է Հայաստանում։
«Այստեղ՝ Հայաստանում, ինձ ամենից շատ հրապուրեցին մարդիկ, որոնք շատ ջերմ ու աջակցող են։ Փորձում էին ընկերանալ, օգնել ինչով կարող են»,-ասում է նա։
2016-ին Ելենան Երևանում լույս աշխարհ է բերում երկվորյակ աղջիկների։
Ելենայի երկվորյակ աղջիկները
«Ասես ճակատագրի հեգնանք լիներ, քանի որ մինչև երեխաների ծնունդն աշխատում էի մի ֆոտո նախագծի վրա, որը հենց այդպես էլ կոչվում էր՝ «Երկվորյակներ»։ Ճամփորդում էի տարբեր երկրներում և լուսանկարում երկվորյակների։ Ավելի քան 400 երկվորյակի եմ լուսանկարել, որոնցից 70-ը հայ էին»,-պատմում է նա։
Ելենայի դուստրերն այս տարվանից արդեն դպրոց են գնում։ Նա միայնակ մայր է։ Երեխաների հայրը հայ է։ Պարզապես միասին չեն ապրում։
«Այնպես ստացվեց, որ հայտնվեցի կյանքի բարդ փուլում։ Ես, իհարկե, լավատես եմ, չեմ հանձնվում, բայց միևնույն է, կան հարցեր, որոնք դժվար է միայնակ լուծել։ Գնեցի փոքր ավտոմեքենա և որպեսզի կարողանայի մեքենայի վարկը մարել, վառելիք գնել, որոշեցի միանալ Yandex Go-ի առաքման ծառայությանը»,-պատմում է նա։
Ելենայի մեքենայում բույս է ապրում
Երբ ազատ ժամանակ է ունենում, առաքումներ է անում՝ միաժամանակ զարգացնելով վարորդական հմտությունները։
«Ես իսկապես սիրով եմ այս աշխատանքն անում։ Որպես լուսանկարիչ՝ միշտ սիրել եմ կողքից հետևել կյանքին, ուսումնասիրել մարդկանց, սոցիալական տարբեր շերտերը։ Այս աշխատանքում այդ ամենը վառ արտահայտված է․ շփվում ես տարբեր մարդկանց հետ, հայտնվում ես տարբեր իրավիճակներում։ Բայց ամենահետաքրքիրը հետևելն է տղամարդ պատվիրատուների հայացքներին, երբ տեսնում են, որ առաքիչը կին է՝ բավական չէ, այն էլ՝ ռուս կին»,-ժպիտով կիսվում է Ելենան։
Առաքումները, ասում է, երբեմն շատ զավեշտալի են լինում․ «պատկերացրեք՝ գեղեցիկ ծաղկեփունջ ես առաքում որևէ կնոջ, և դա ստանում է մեկ ուրիշ կնոջ ձեռքից»։
«Մի անգամ էլ մի խանութից մյուսը կոշիկներ էի առաքում, և «խորտակվել էի» կոշիկների տուփերի մեջ: Այնքա՜ն ծիծաղելի էր։
Կոշիկների առաքում
Մեկ ուրիշ անգամ էլ 2 մետրանոց հսկա խաղալիք արջուկ էի առաքում ու ստիպված էի նստեցնել կողքիս նստարանին, ամրագոտին էլ կապել։ Ու քանի որ մեքենայիս ղեկն աջ կողմում է, իսկ արջուկը՝ ձախ, ոստիկաններն առաջին հայացքից կարծել էին՝ արջուկն է ղեկին»,-պատմում է Ելենան՝ հիշելով, որ ոստիկաններն այնքան են զվարճացել, որ անգամ պատիվ են տվել արջուկին։
Երբեմն առաքումները կատարում է դուստրերի հետ՝ ճամփորդությունը վերածելով ուրախ ժամանցի․ հետդարձին կանգառ են կատարում, պաղպաղակ ուտում։
Ելենայի դուստրերը՝ առաքումների ընթացքում
«Պատահում է՝ առաքում պատվիրողները պահում են իմ հեռախոսահամարը, հետո գտնում ինստագրամում, հետևում իմ լուսանկարչական գործունեությանը»,-ասում է Ելենան։
Երևանում, իհարկե, երթևեկությունը լարված է, կայանելու վայրերը՝ քիչ, հատկապես երբ հասցեները կենտրոնական փողոցներում են՝ ասում է։ Բայց ամենակարևորը՝ Yandex-ը հասցեները շատ ճշգրիտ է ֆիքսում, հետևաբար հեշտորեն գտնում է։
«Այնքան լավ մարդկանց եմ հանդիպում, որ յուրաքանչյուր առաքումը մի հրաշալի պատմության է վերածվում։ Վաղ առավոտյան առաքումներ անելիս անգամ սուրճ են հյուրասիրում»,-ասում է Ելենան։
«Լավ մարդ» բնութագիրը հաճախ նաև Ելենային են հասցեագրում՝ հատկապես այս օրերին, երբ արցախցիներին օգնության է հասնում ինչով հնարավոր է։
Ելենայի կողմից նկարահանված լուսանկարներից
Աշխատանք փնտրող կանանց էլ խորհուրդ է տալիս բաց չթողնել հնարավորությունը՝ առաքումների միջոցով թե՛ գումար աշխատելու, թե՛ օրը հիշարժան դրվագներով հարստացնելու և նոր բարեկամներ ձեռք բերելու։
Հոդվածում օգտագործված լուսանկարներից բոլորի հեղինակը հենց Ելենա Ֆրոլովան է: