
DEUTSCHE BANK-Ը ՍԻՆԳԱՊՈՒՐՈՒՄ ԿԲԱՑԻ ՈՍԿՈՒ ՄԵԾ ՊԱՀԵՍՏ
Գերմանական Deutsche Bank-ը մտադիր է Սինգապուրում ստեղծել շուրջ 200 տոննա տարողունակությամբ ոսկու պահեստ: Բանկի ներկայացուցիչների պարզաբանմամբ՝ նման մտադրությունը պայմանավորված է Ասիայում այս թանկարժեք մետաղի նկատմամբ պահանջարկի աճով: Սպասվում է, որ պահուստի ստեղծումը կնպաստի Ասիայի թանկարժեք մետաղների շուկայում գերմանական բանկի գործունեության ընդլայնմանը:
Նշենք, որ տարեսկզբից ոսկու գները համաշխարհային շուկայում գրանցել են մոտ 17% անկում, ինչը լրացուցիչ ազդակ է հաղորդել Ասիայում ոսկու պահանջարկի աճին: Բացի այդ, Սինգապուրը անցյալ տարի չեղյալ էր հայտարարել ներդրումային ոսկու վաճաքից գանձվող հարկերը, որն առավել է մեծացրել ասիական տարածաշրջանում ոսկու նկատմամբ հետաքրքրությունը: