Բիզնես

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ՀՐԱՊՈՒՐԻՉ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ»
17/06/2013 18:29
Կիսվել

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ՀՐԱՊՈՒՐԻՉ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ»

Ռուսաստանաբնակ խոշոր գործարար Ռուբեն Վարդանյանը կիրակի հյուրընկալվել էր «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը: Ներկայացնում ենք «CivilNet»-ի կողմից պատրաստված հաղորդման սղագրությունը:

Ռուբեն Վարդանյանը 45 տարեկան է: Ծնվել է 1968թ. Երևանում, «Սբերբանկի» համաղեկավարն է, Հայաստանում և Ռուսաստանում ծրագրեր իրականացնող բարեգործական հիմնադրամի համաղեկավարն է: Ռուբեն Վարդանյանը 1992թ. գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Սովորել է Հարվարդի և Սթենֆորդի բիզնես դպրոցներում: 1992-2012 թթ. գլխավորել է «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը, որը 2012թ. ինտեգրվեց «Սբերբանկի» հետ: Նա համարվում է Ռուսաստանի արժեթղթերի շուկայի առանցքային դերակատարներից մեկը: Մոսկովյան «Սկոլկովո» կառավարման դպրոցի համակարգող, խորհրդի անդամ և գործընկեր հիմնադիր է: 2006-2011թթ. Սկոլկովո դպրոցի նախագահն էր: Ռուբեն Վարդանյանը Ամերիկյան առևտրային պալատի կողմից ճանաչվել է տարվա գործարար` Ռուսաստանում բիզնեսի զարգացման գործում ունեցած նշանակալից ավանդի և մասնագիտական էթիկայի բարձր նորմերին հետևելու համար: Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումն ընդգրկել է «Ապագայի 100 համաշխարհային առաջնորդները» ցուցակում: 2012թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Հայ առաքելական եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի անդամ է: Ռուբեն Վարդանյանն ամուսնացած է, ունի չորս երեխա:

Հարստության մասին

– Պարոն Վարդանյան, Forbes ամսագիրը Հայաստանում հատկապես լայն ճանաչում ստացավ այն բանից հետո, երբ մանավանդ ռուսական տարբերակը սկսեց հրապարակել ռուսաստանցի խոշոր մեծահարուստների վարկանիշային ցուցակները, և այդ ցուցակներում հայտնվեցին հայզգի խոշոր գործարարներ, այդ թվում` Դուք: Ինձ հետաքրքիր է իմանալ` ինչպիսի զգացում ունեիք, երբ առաջին անգամ հայտնվեցիք, այսպես ասեմ,  միլիոնատերերի ցանկում: Ինչ զգացողություն էր դա:

– Անկեղծ ասած, ինձ այդ վարկանիշը դուր չի գալիս: Կարծում եմ` այն վտանգավոր է հասարակության համար, քանի որ հաստատում է փողը հոտ չունի սկզբունքը: Այդ ցուցակում ներառված են բազմաթիվ մարդիկ, ովքեր տարբեր կերպ են գումար վաստակել: Հասկանալի է, որ կապիտալիզմի պայմաններում փողը համարվում է հաջողությունը գնահատելու շատ հարմար և ունիվերսալ տարբերակ: Ինչպես ասվում է մի հին ասացվածքում` «Եթե դու այդքան խելացի ես, ինչու հարուստ չես»: Բայց միաժամանակ մի շատ կարևոր բաղադրիչ է կորչում. ինչպես ես հասել այդ հաջողությանը, ինչ ճանապարհով ես գումար վաստակել: Եվ արդյունքում, օրինակ «հարգարժան» Դոնալդ Թրամփը, ով, ըստ իս, լավագույն մոդելը չէ, ավելի հայտնի է աշխարհում, այդ թվում` Հայաստանում, քան բազմաթիվ պարկեշտ գործարարներ, ովքեր գուցեև չեն վաստակել, բայցև սխալ քայլերի չեն դիմել: Իմ անունն այդ ցուցակում ներառելուն արձագանքեցի չեզոք-բացասաբար, քանի որ կարծում եմ, որ այդ վարկանիշն աղավաղված է և չի արտացոլում այն, ինչ իրականում տեղի է ունենում Ռուսաստանում: Վարկանշային ցուցակում շատ են կեղծ անունները, շատ են մարդիկ, ովքեր իրենց են վերագրում ուրիշների ակտիվները: Դա սխալ ներկայացում է այն լիդերների, որոնց հետևից պետք է գնալ:

– Քի՞չ են ներկայացված թվերը, թե՞ ավելի շատ, քան կա իրականում:

– Ուրիշ են թվերը, ուղղակի ուրիշ են փաստերը:

– Պաշտոնյաներին, նաև հայաստանյան գործարարներից շատերին, դժվար է հարցնել, թե ինչպես են նրանք վաստակել իրենց առաջին միլիոնը: Դուք նման խնդիր չունեք: Կարճ` ինչպե՞ս աշխատեցիք Ձեր առաջին միլիոնը:

– 1991թ. աշխատանքի անցա «Տրոյկա Դիալոգ» ընկերությունում: Այն փոքր ընկերություն էր, որի կանոնադրական կապիտալը կազմում էր $35 հազ., և որն ուներ չորս աշխատակից: Ընկերությունը հիմնել էր ռուսական ծագում ունեցող ամերիկացի Փիթեր Դերբին: Մեկ տարի անց` 1992թ., դարձա ընկերության գլխավոր տնօրենը: Սկսեցինք կառուցել նոր ընկերություն` զրոյից, և առաջին լուրջ գումարը ես աշխատեցի 1994թ., երբ մենք արտասահմանցիների համար ներդրեցինք 2.5 մլն դոլարի վաուչերներ և ստացանք առաջին պարգևավճարները: Իսկ առաջին միլիոնը վաստակեցի 1996թ.՝ վաճառելով բաժնետոմսերի իմ մասնաբաժինը: Այնպես որ, այդ առումով իմ պատմությունը շատ շիտակ է:

– Իսկ ի՞նչ է հարստությունը, աշխարհը փոխվել է: Ի՞նչ է հարստությունը հատկապես մարդու համար, որը ոչ միայն նյութական, այլև հոգևոր արժեքների կրող է:

– Բարեբախտաբար կամ դժբախտաբար փողը շատ ունիվերսալ միջոց է կապիտալիստական համակարգում: Սոցիալիզմի ժամանակ բարիքների բաշխման և հաջողության գնահատման համակարգերն այլ էին: Այս տեսակետից փողը շատ հարմար է և ավելի շատ ազատություն է տալիս: Եվ ինձ համար մեծ շքեղություն էր, հաշվի առնելով, որ ես կարողացա օգնել իմ հարազատներին և ծանոթներին, իրագործել ծրագրեր, որ դու կարող ես քեզ թույլ տալ: Այդ իմաստով փողն ավելի շատ անկախություն է տալիս: Թեև ավելանում են նաև պարտականությունները. դա մեդալի հակառակ կողմն է: Դա միայն հնարավորություն չէ անել այն, ինչ ուզում ես, այն նաև պարտականություններ է դնում տվյալ գործընթացի մասնակիցների վրա:

Հայաստանի ապագայի մասին

– Մի հարցազրույցում այսպիսի մի արտահայտություն եք արել, մեջբերում եմ. «Հայաստանը ծաղկուն երկիր կդառնա միայն այն դեպքում, երբ հայաստանցի երիտասարդը իր ապագան տեսնի հենց Հայաստանում»: Տեսնու՞մ է արդյոք հայաստանցի երիտասարդը իր ապագան Հայաստանում:

– Ըդհանուր առմամբ, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այն հեռանկարի բացակայությունը, թե ինչպիսին է լինելու Հայաստանը 20-30 տարի հետո, իսկապես շատերին խանգարում է ճիշտ որոշում կայացնել: Շատերը Հայաստանից գնում են ոչ այն պատճառով, որ այստեղ շատ վատ է կամ աշխատանք չկա … մենք այժմ շատ հետաքրքիր խնդրի ենք բախվում Հայաստանում: Մենք շատ ծրագրեր ենք իրագործում և չենք կարողանում կադրեր գտնել: Եվ եթե մարդիկ ասում են, որ մենք հեռանում ենք, որովհետև աշխատանք չկա, դա այդքան էլ այդպես չէ: Մարդիկ պարզապես չեն հավատում իրենց ապագային, չեն հավատում, որ այստեղ լավ է լինելու:

– Անարդարության զգացում ունեն մարդիկ:

– Գիտեք, օրինակ, մենք ծրագիր ենք իրականացնում Տաթևում: Ես կերազեի աշխատել Տաթևում, ստանալ լավ, մրցունակ աշխատավարձ, աշխատել այդ սուրբ վայրում, մաքուր օդում: Բայց մենք մեծ դժվարությամբ ենք գտնում մարդկանց, ովքեր պատրաստ են աշխատել այնտեղ պատկառելի գումարների դիմաց: Ներկայում այնտեղ ունենք շուրջ 50 աշխատակից` տեղաբնակներ, և միայն մեկն է Երևանից: Այդ մեկ-երկու երիտասարդներին, որ ուզում ենք բերել Երևանից, չենք կարողանում գտնել:

Այդ իմաստով ֆենոմենն այն է, որ հաճախ չկան ոչ թե հենց հնարավորությունները, այլ հավատը այդ հնարավորությունների առկայության նկատմամբ: Դա փորձ է` ինքդ քեզ ապացուցելու, թե ինչու դու հաջողակ չես: Դա առանցքային խնդիրներից մեկն է, երբ փորձում ես բացատրություն գտնել, թե ինչու հաջողության չես հասել` դա պայմանավորելով արտաքին գործոններով: Պետք է պայքարես քո երջանկության, քո ապագայի համար:

– Հասկանալի է, բայց ի վերջո մարդիկ տեսնում, հանդիպում են այդ անարդարություններին, նրանց մոտ ցանկություն է առաջանում պարզապես լքել երկիրը: Որ տեսնում են` օրենքները բոլորի համար հավասարապես չեն գործում և այլն, երբ խրախուսվում է ոչ թե խելքը, կարողությունը, այլ այլ հատկանիշներ, երբ խրախուսվում են դրանք, բնականաբար, թողնում և հեռանում են:

– Ճիշտ է, այդ ամենը կա, ինչ դուք ասում եք: Բայց ես ևս մեկ անգամ կցանկանայի անդրադառնալ 1990-ականներին: 90-ականներին Ռուսաստանում համատարած անօրինականության ժամանակաշրջան էր, ջունգլի էր, չկար ոչ մի օրենք, տիրում էր հանցավոր սանձարձակություն, պետական ամենաթողություն, և այդ պայմաններում յուրաքանչյուրն ինքն էր որոշում` հեռանալ, թե չհեռանալ, ինչպես պահել իրեն այդպիսի միջավայրում: Շատ բարդ է սեփական եսը պահպանել այն միջավայրում, որը քեզ չի սատարում, որտեղ բացակայում են էթիկական ճիշտ նորմերը, բայց դա քո ընտրությունն է, ոչ թե արտաքին միջավայրինը: Իմ կյանքից մի շատ վառ օրինակ բերեմ: 1990թ. ես աշխատում էի «Մենատեպ» բանկում: Դա շատ հաջող բանկ էր: Ես 3-րդ կուրսի ուսանող էի և ստանում էի 1000 դոլար` ահռելի մեծ գումար այն տարիների համար: Արդեն բաժնի պետ էի բանկում: Ունեի ինքնադրսևորման հնարավորություն, բայց տեղափոխվեցի այլ աշխատանքի, որտեղ տասն անգամ պակաս աշխատավարձ էի ստանում, քանի որ դա ավելի ճիշտ, երկարաժամկետ վայր համարեցի, քանի որ երկարաժամկետ հեռանկարում ինձ տեսնում էի բանկիրի կարգավիճակում, որը ցանկանում էր լավ համբավ ունենալ ողջ աշխարհում: Բայց այդ ընտրության մեջ ես կարող էի նաև սխալվել` կարող էի տեղափոխվել, ու ոչինչ չստացվեր: Եվ ես հիմար չէ, բայց շատ խելացի մարդ չէի լինի, որը թողեց իր այսօրվա բարեկեցությունը` հանուն ապագայում սպասվող ինչ-որ պոտենցիալ ձեռքբերումների: Դա բարդ ընտրություն էր` ցանկացած մարդու համար:

– Միջանկյալ մի հարց տամ: Խոդորկովսկու հետ ձեր հարաբերությունները հաշվի առնելով՝ որևէ տեսակցություն այս ընթացքում եղել է, թե՞…

-Ես շատ ցավում եմ նրա համար, ինչ տեղի է ունեցել Միխայիլի հետ: Ես դա համարում եմ Խոդորկովսկու անձնական մեծ ողբերգությունը: Մյուս կողմից` ևս մեկ անգամ դա ապացուցում է, որ պատրանք է, երբ ասում են, թե ամենակարևորը փողն է: Փողն ամենակարևորը չէ: Ցանկացած համակարգում իշխանությունը կարող է խլել ցանկացած գումար…

– Այսինքն` իշխանությունների հետ պետք է լավ հարաբերություններ պահպանել:

-Իրականում կա ինչ-որ սահման, որ չպետք է անցնես: Յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով: Եթե դու փորձում ես անցնել սահմանը և այնպիսի քայլեր կատարել, որոնք համակարգն անթույլատրելի է համարում, այդ դեպքում նա քեզ պատժում է: Հետաքրքիր օրինակներ կան ոչ միայն Ռուսաստանում, այլև Չինաստանում, նույնիսկ՝ Ամերիկայում:

– Պարոն Վարդանյան, եթե Դուք ազգությամբ հայ չլինեիք, Հայաստանում ներդրումներ կանեի՞ք:

-Հայաստանում կան ծրագրեր, որոնք կարող են հրապուրիչ լինել, բայց ոչ այն ոլորտներում, որոնք իմ մասնագիտական շրջանակներում են: Օրինակ, հանքարդյունաբերության բնագավառում կան լավ նախագծեր, ես դրանք նայել եմ, բայց ես դրանցից ոչինչ չեմ հասկանում: Կան ծրագրեր, որոնք կարող են եկամտաբեր, հաջող լինել… սակայն հարցին, թե արդյոք ես գումար կներդնեի այնտեղ, միգուցե դիվերսիֆիկացման համար, ամեն դեպքում, անհամեմատ ավելի քիչ գումար կներդնեի այդ ոլորտներում, քան ներդնում եմ բարեգործության մեջ:

Դիլիջանի դպրոցի մասին

– Նախկինում էլ շատ ծրագրեր եք իրականացրել, այնուամենայնիվ, ձեր անունն ավելի շատ շրջանառվեց, խոսվեց ձեր նախագծերի մասին` Դիլիջանի միջազգային դպրոցի հետ կապված: Նախագիծը սկսելուց առաջ որոշակի աղմուկ առաջացավ, բայց չեմ ուզում այդ մասին խոսել, ուզում եմ` ներկայացնեք` որ փուլում է հիմա նախագիծը, որովհետև հայտարարվեց, որ սեպտեմբերին միջազգային դպրոցը արդեն առաջին աշակերտներն է ունենալու: Համառոտ կներկայացնե՞ք` ի՞նչ վիճակում է նախագիծը:

– Դպրոցը կգործարկվի 2014թ. սեպտեմբերին: Հուսով եմ, որ այն իսկապես շատ լուրջ դերակատարում կունենա Հայաստանի ապագայի հարցում: Կարծում եմ, որ Հայաստանի համար դա որակյալ, մրցունակ ուսումնական միջավայր ստեղծելու առանցքային ծրագրերից մեկն է` ինչպես տեղի դպրոցների, այնպես էլ Դիլիջանի նման դպրոցների համար: Դիլիջանի դպրոցը միջազգային է, այնտեղ սովորելու են ավելի մեծ թվով երեխաներ ոչ հայկական ծագմամբ, որը ևս շատ կարևոր բաղադրիչ եմ համարում: Այդ ծրագիրը շատ արդյունավետ է, քանի որ թույլ է տալիս ներգրավել որակյալ մասնագետների, որոնք ազգությամբ հայ չեն: Նրանցից շատերը Հայաստան չէին գալիս` ասելով, որ իմ երեխաների համար այնտեղ նորմալ կրթություն ստանալու տեղ չկա: Դա փոքր, բայց շատ կարևոր բաղադրիչ է` ներգրավել լավ մասնագետների, որոնք մեզ անհրաժեշտ են ինչ-ինչ ծրագրերի համար: Կարևոր է արտասահմանյան զբոսաշրջային ներհոսքի տեսանկյունից: Եվ դա հնարավորություն է քաղաքի համար`փոխվելու, փոքր ու միջին բիզնեսը զարգացնելու համար: Այդ իսկ պատճառով Դիլիջանի դպրոցը պարզապես դպրոց չէ, որտեղ սովորելու են 650 աշակերտներ աշխարհի ավելի քան 60 երկրներից: Մենք կհյուրընկալենք երեխաների, որոնք կմեծանան Հայաստանում, հետո կշարունակեն ուսումն այլ երկրներում, բայց նրանք ծանոթ կլինեն Հայաստանին:

– Չեն վախենա գալ Հայաստան, որը առանձնապես մեծ վարկանիշ չունի աշխարհի տեղեկատվական դաշտում, պատերազմը կա, պատերազմի վտանգը կա, այսպիսի խնդիրներ կան Հայաստանում: Դրսից կգա՞ն սովորելու Հայաստանում:

– Դա դժվարին, լուրջ աշխատանք պահանջող գործընթաց է: Մեզ լուրջ աշխատանք է սպասվում, որպեսզի բացատրենք, թե ինչու է հենց Հայաստանում, հենց այդ դպրոցն այդքան լավը լինելու, որպեսզի ծնողները ռիսկի դիմեն և իրենց երեխաներին ուղարկեն այստեղ: Դպրոցի պայմանները` թե՛ նյութատեխնիկական ապահովվածությամբ, թե՛ ուսուցիչների որակով լինելու են համաշխարհային մակարդակի: Ունեմ մի քանի չափանիշներ, որոնց համաձայն փորձում եմ իրականացնել իմ նախագծերը: Առաջինը բազմաարդյունավետությունն է: Երկրորդը համաշխարհային ստանդարտները: Մենք ամեն ինչ ամենաբարձր մակարդակով ենք անում: Շենքը անգլիացի ճարտարապետ է նախագծել: Ծրագիրը կստանա բնապահպանական հավաստագրում: Դիլիջանի շենքը սովորական շենք չէ: Այն կառուցվում է կանաչ չափանիշներին համապատասխան: Կառաջարկվեն բնակության և սննդի շատ լավ պայմաններ: Ռիսկեր և մարտահրավերներ կան, բայց այդպիսի ծրագրերը երբեք հեշտությամբ չեն իրագործվում: Դա երկարաժամկետ ծրագիր է, որը կնոջս հետ սկսեցինք քննարկել 2006թ., 2010թ. ՀՀ նախագահի հետ խորհրդանշական ծառ տնկեցինք, 2014թ. կսկսենք առաջին փուլը, իսկ 2023թ. դպրոցը կգործի ողջ հզորությամբ:

– Ի դեպ, այս օրերին Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ներկայացրած նախագիծը դպրոցին հարկային արտոնություններ տալու մասին: Այն բուռն արձագանքների արժանացավ, հատկապես` նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կողմից, որը այսպես էր արտահայտվել. «Մարդիկ մեզանից փող են ուզում ու չգիտես, թե ինչու: Ո՞վ է տեսել 80 միլիոն արտոնություն տան: Ասենք` մեքենա են բերելու, ով է վերահսկելու` քանի մեքենա է եկել, քանի տոննա երկաթ է բերվել»: Կոնկրետացրեք` ինչի  մասին է խոսքը, ինչ արտոնություններ են և ինչպես է վերահսկվելու:

– Սա Ռուբեն Վարդանյանի նախագիծը չէ: Սա կոլեգիալ ծրագիր է, ինչպես և Մոսկվայի «Սկոլկոբո» կառավարման դպրոցը: Դա մի խումբ մարդկանց ծրագիր է, որոնք ինձ հետ միասին գումար են տրամադրում բարեգործության համար, որպեսզի կառուցեն խոշորագույն հասարակական շինություններից մեկը` կառուցված Հայաստանի տարածքում վերջին քսան տարում: Ներկայում դպրոցի շինարարության վրա միաժամանակ աշխատում է 12 վերամբարձ կռունկ: Մենք կառուցում ենք 120 միլիոն դոլար արժողությամբ օբյեկտ և, ըստ օրենքի, նաև 30 միլիոն դոլար հարկ պետք է  վճարեինք: Մեծ հաշվով, դա արդեն պետության որոշումն է, թե ցանկանում է հաստատել պետական-մասնավոր գործընկերություն և օգնել այդ նախագծին: Իրապես դա մեր որոշումն է, և մենք կառավարությանը պայմաններ չէինք ներկայացրել: Մենք մեր կողմից կիրագործենք այդ ծրագիրը, և ինձ շատ հաճելի է, որ դրան մասնակցում են ոչ միայն հայեր, ոչ միայն Գարիկ Ադիբեկյանը, Վլադիմիր Ավետիսյանը, Դանիլ Խաչատուրովը, Ալեք Մկրտչյանը և ուրիշներ, այլև Սուլեյման Քերիմովը, Անատոլի Չուբայսը, Վիկտոր Վեքսելբերգը և այլք: Նրանք իրենց անձնական գումարներն են ներդրել, որպեսզի Հայստանում այս ծրագիրը իրականանա:

– Խնդիրն այստեղ այն է, թե ինչու միայն Դիլիջանի միջազգային դպրոցին տալ: Որևէ մեկը չի քննարկում, որ վատ է դպրոց կառուցելը, նախագիծը կասկածի տակ չի դրվում: Ինչու այդպիսի արտոնություն տալ մի նախագծի:

– Ես կարծում եմ, որ բոլոր բարեգործները, որոնք այս ծավալի ծրագրեր են իրականացնում այնպիսի ոլորտներում, որոնք անհրաժեշտ են Հայաստանին, պետք է ինչ-որ արտոնություններ ստանան պետության կողմից:

– Ինչպես դրսում` մյուս երկրներում:

– Ես կարծում եմ, որ պետք է ավելի շատ արվի: Մյուս երկրներում ավելի շատ են արտոնությունները:

– Բայց մյուս կողմից նաև ներկայացվում է Ձեզ որպես լավություն: Հիմա խնդիրն այն է` ինչու այնպես չանել, որ բոլորը օգտվեն և ոչ թե միայն՝ Դիլիջանի միջազգային դպրոցը:

– Մենք ոչնչից չենք օգտվում: Մենք ասում ենք` Հայաստանը, որին հարկավոր է դառնալ ավելի հրապուրիչ, այդ դպրոցի հաշվին կստանա բազմաթիվ անուղղակի եկամուտներ` աշխատատեղեր, փոքր ու միջին նոր ընկերություններ: Երկարաժամկետ տեսանկյունից շատ ձեռնտու է նման դպրոց ունենալ հենց Հայաստանում: Դրա համար պետք է պայքարել: Այդ իմաստով` դա լավության չէ Ռուբենին և նրա ընկերներին, այլ քաղաքականություն է, որպեսզի աշխարհում բազմաթիվ մարդիկ ծրագրեր իրականացնեն հենց Հայաստանում և ոչ թե այլ տեղ: Դա ազգային մոտեցման ձև է, որպեսզի Հայաստան մտնեն գումարներ` երկարաժամկետ հիմունքներով: Օրինակ` Տաթևի ծրագիրը, որին կառավարությանը լուրջ մասնակցություն է ցուցաբերել և գումարներ ներդրել, երկարաժամկետ արդյունք է տվել: Գորիսում բացվել է տասը նոր հյուրանոց, մարզ են այցելում մեծ թվով զբոսաշրջիկներ: Կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են լուրջ ներդրումներ կատարել Հայաստանում, պետք է պետությունից որոշակի օժանդակություն ստանան:  Տաթևի հարցում մենք ոչ մի  հարկային արտոնություն չստացանք: Այնտեղ գործում էր այլ մոդել. հետաձգվեցին հարկերի վճարումները, որոնք մենք հետագայում ամբողջությամբ վճարեցինք: Ես հաճույքով պատրաստ եմ բոլոր պատգամավորներին հրավիրել` եկեք ծանոթացեք Դիլիջանի դպրոցի ծրագրին: Հավանաբար անհրաժեշտ է ավելի շատ պատմել մարդկանց, թե ինչ, ինչպես և ինչու է կատարվում:

– Իհարկե, աշխարհում էլ նույն գործընթացներն են կատարվում մի քիչ ավելի այլ չափերի մեջ, բայց Հայաստանում` հատկապես, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ, կարծես, բոլոր արժեքները խարխլվել են: Երիտասարդը, օրինակ, չգիտի, թե ինչի վրա կարող է հենվել, այսինքն`որևէ մեկը որևէ մեկին չի հավատում: Ինչի՞ վրա պետք է հենվի երիտասարդը: Պետությունը խրախուսում է այն երևույթները, որոնք, ըստ էության, չեն տեղավորվում այդ բարոյական արժեքների սահմաններում:

-Ամեն ինչի հիմքում ընկած է ընտանիքը: Բոլոր առանցքային արժեքներն ընտանիքում են: Երկրորդը՝ հասարակությունն է: Հասարակության մեջ կան ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական առաջնորդներ: Մենք բոլորս դպրոցում ունեցել ենք պաշտոնական առաջնորդներ` կոմերիտությունը, ինչպես նաև ոչ պաշտոնական առաջնորդներ` «կիսագողական» տղաները, որոնք ղեկավարում էին իրենց իմացած ձևով: Երրորդ, իհարկե, պետությունն է` պատժելու և խրախուսելու իր համակարգով: Հարկավոր է սկսել ընտանիքից: Ցավոք, այսօրվա կապիտալիզմը քանդում է ընտանիքը, քանի որ նախկինում ընտանիքը գիտելիքների կրող էր և այդ գիտելիքները փոխանցվում էին սերնդեսերունդ: Այժմ մեզանից շատերն աշխատում են այնպիսի պաշտոններում, որտեղ այդ հմտություններն այնքան էլ կարևոր չեն, աստիճանաբար անհետանում է շատ ամուր ընտանիք ունենալու անհրաժեշտությունը: Երբ մարդիկ ապրում են մեծ քաղաքներում, այլ ոչ թե գյուղերում, դա նույնպես ազդում է ընտանիքի վրա: Կարծում եմ, որ երիտասարդության համար առանցքային է իրենց արմատների վրա հիմնվելը: Հայերը մշտապես ունեցել են շատ ամուր արմատներ, այդ իմաստով մենք եզակի ազգ ենք՝ պատմական մեծ անցյալով: Անհրաժեշտ է հասկանալ մեր ազգային ավանդույթներն ու ծեսերը և փորձել ապագային նայել գիտելիք և աշխատանք ստանալու ժամանակակից մեթոդների տեսանկյունից: Դա այնքան էլ պարզ խնդիր չէ երիտասարդների համար, բայց, ցավոք, նրանց փոխարեն դա ոչ ոք չի անի: Մենք գտնվում ենք հասարակությունում, որը պահանջում է ավելի մեծ պատասխանատվություն և վճռականություն ցուցաբերել սեփական ճակատագրի հանդեպ:

Եվրասիակա՞ն, թե՞ Եվրոպական Միություն

– Հայաստանը կանգնած է շատ կարևոր  մարտահրավերի, այսպես ասած՝ երկընտրանքի առջև: Որպես ռուսաստանցի խոշոր հայ գործարարի եմ հարցս ուղղում՝ ինչպե՞ս եք վերաբերվում Եվրասիական  միություն և եվրաինտեգրացիա երկընտրանքին: Հայաստանը ո՞ր ճանապարհը պետք է ընտրի:

– Ես ինձ իրավասու չեմ համարում խորհուրդ տալ, թե Հայաստանը ինչպիսին պետք է լինի: Յուրաքանչյուր ընտրած ուղղություն կարող է լինել ճիշտ և սխալ: Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր դեղամիջոց կարող է բուժել և թունավորել: Մենք պետք է հնարավորինս քիչ կախվածության մեջ լինենք արտաքին աշխարհից: Մենք պետք է հենվենք սեփական ուժերի վրա: Դա մեծ մարտահրավեր է, քանի որ մենք չունենք նավթ, գազ:

– Հատկապես հաշվի առնելով կախվածությունը Ռուսաստանից:

– Աշխարհը շատ արագ է փոխվում: Պետք է հավատալ սեփական ուժերին, պետք է լինել պրագմատիկ և հետևողական, պետք է գիտակցել բոլոր մարտահրավերները: Մենք ունենք մեծ մարտահրավերներ, մենք ունենք մեծ հարևաններ` մեծ խնդիրներով: Բայց ամեն ինչ կախված է միայն մեզանից` կարո՞ղ ենք արդյոք այնպես անել, ինչպես արեցին մեր ֆուտբոլիստները` հաղթելով Դանիային 4:0 հաշվով:

– Դուք հատկապես հաճախ եք խոսում, որ Ձեզ համար շատ կարևոր է, որ Դուք համերաշխ լինեք Ձեր ներսի հետ և նույնիսկ խուսափել եք որոշ բիզնես գործարքներից այդ համերաշխ չլինելու պատճառով, որոնք կարող էին խաթարել Ձեր ներքին համերաշխությունը: Ուզում եմ հարցնել` կա՞ Հայաստանում ինչ-որ բան անելու կամ չանելու ներքին անհամերաշխության կամ ներքին զգացում:

-Ոչ: Ես շատ շնորհակալ եմ ծնողներիս, ընտանիքիս, կնոջս և մտերիմներիս, որ կարող եմ անել այն, ինչ անում եմ: Ես ապրում եմ ճապոնացի սամուրայի սկզբունքով` ապրել այնպես, որ եթե դուրս գամ այս ստուդիայից և գլխիս աղյուս ընկնի, չափսոսամ, որ ինչ-որ բան չեմ արել կամ կիսատ եմ թողել: Ես փորձում եմ հետևել այս սկզբունքին: Ինչ հնարավոր է, ես անում եմ: Հնարավոր է երբեմն գոհ չեմ արդյունքից, բայց ռազմավարական առումով հասկանում եմ, որ բախտս շատ է բերել, որ կարող եմ ապրել այնպես, ինչպես կցանկանայի ապրել:

-Եվ երևի դա է պատճառը, որ մինչև օրս այն քիչ գործարարներից եք, որը թիկնապահ չունի:

– Թիկնապահը վտանգից չի պաշտպանում: Բազմաթիվ թիկնապահներ չեն փրկել: Կարևորը այն զգացողությունն է, որ դու ոչ մի բան չես արել, որի պատճառով ստիպված ես ինչ-որ մեկից թաքնվել: Կարևոր է գիտակցել, որ դու կարող ես քեզ թույլ տալ թռչել էկոնում դասով, և մարդիկ չեն մտածի, թե պատճառն այն է, որ փողերդ վերջացել են: Կարևոր է ներքին ազատությունը, այն զգացողությունը, որ մարդիկ քեզ ընկալում են այնպիսին, ինչպիսին դու կաս, այլ ոչ թե գնահատում են քո կոստյումը, մեքենան կամ թիկնապահին:

– Բայց Հայաստանում դա շատ կարևոր է` պետք է ունենալ թիկանապահ, պետք է ունենալ մի քանի մեքենա…

– Վատը միշտ ավելի տեսանելի է: Հայաստանում կան շատ լավ բաներ և շատ լավ մարդիկ: Հայաստանում կան մարդիկ փայլուն աչքերով և կան նաև շատ հարուստներ, որոնք տհաճություն են առաջացնում հասարակության մոտ: Կան և մարդիկ, որոնք պարկեշտ են, պարզապես նրանց մասին շատ ավելի դժվար է պատմել, որովհետև նրանց մասին խոսելը այնքան էլ հետաքրքիր չէ: Ավելի հետաքրքիր է թիկնապահից կամ սև ավտոմեքենայից խոսելը: Եթե մարդը ոտքով է քայլում, նրա մասին ի՞նչ խոսես: Այդ իմաստով, ցավոք, մարդկանց ավելի դժվար է հասկանալ, որ սա քո նորմալ վիճակն է, իսկ աննորմալը հետաքրքրություն է առաջացնում:

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57