
Թրամփը չի պատրաստվում վերացնել Իլոն Մասկի ընկերությունները՝ զրկելով նրանց սուբսիդիաներից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում վերացնել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի ընկերությունները՝ զրկելով դրանք ամբողջությամբ կամ մասնակիորեն կառավարությունից ստացվող սուբսիդիաներից։
«Բոլորը ասում են, թե իբր ես պատրաստվում եմ վերացնել Իլոնի ընկերությունները՝ զրկելով նրան մասամբ կամ ամբողջությամբ ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող խոշոր սուբսիդիաներից։ Դա այդպես չէ: Ես ուզում եմ, որ մեր երկրի բոլոր ընկերությունները զարգանան ու բարգավաճեն՝ ավելի, քան երբևէ։ Որքան լավ է նրանց վիճակը, այնքան լավ է նաև ԱՄՆ-ի վիճակը, ինչը լավ է բոլորիս համար։ Ամեն օր մենք սահմանում ենք նոր ռեկորդներ, և ես ուզում եմ, որ այդպես շարունակվի», – գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social-ի իր էջում։
ԱՄՆ նախագահն ավելի վաղ նշել էր, որ Մասկի ընկերությունները՝ Tesla-ն և SpaceX-ը, ստանում են զգալի սուբսիդիաներ ԱՄՆ կառավարությունից։ Թրամփը չէր բացառել պետական պայմանագրերի չեղարկումը այս ընկերությունների հետ, ինչպես նաև սուբսիդիաների դադարեցումը։
Մասկը մինչ վերջերս ղեկավարել է ամերիկյան կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման վարչությունը և համարվում էր առանձնահատուկ կարգավիճակով հասարակական հիմունքներով աշխատող պետական պաշտոնյա։ Նա փաստացի մտնում էր Թրամփի ամենամոտ շրջապատի մեջ։
Սակայն, ըստ ամերիկյան մամուլի հրապարակումների, վերջին շաբաթներին նախագահի և գործարարի հարաբերությունները սկսել են վատթարանալ մի շարք պատճառներով, ներառյալ՝ Մասկի բիզնես շահերի հետ կապված հարցերը։ Մասկի՝ պետական ծառայությունից հեռանալուց հետո, հունիսի 5-ին նրանք հանրային վեճ են սկսել սոցիալական ցանցերում։ Գործարարը հայտարարել էր, որ առանց իր աջակցության ԱՄՆ վարչակազմի ներկայիս ղեկավարը չէր հաղթի ընտրություններում, աջակցել էր Թրամփի նկատմամբ նոր իմփիչմենթի գաղափարին, քննադատել էր Սպիտակ տան նախաձեռնությամբ ներկայացված պետական ծախսերի մասին օրինագիծը, ինչպես նաև նախագահի սահմանած ներմուծման տուրքերը։ Թրամփը իր հերթին Մասկին անվանել էր խելագար և նշել, որ նա մի պահ դադարել էր բարեխղճորեն կատարել իր պարտականությունները՝ DOGE-ի համակարգման ընթացքում։
Հուլիսի 5-ին Մասքը հայտարարել էր ԱՄՆ-ում «Ամերիկա» (America Party, AMEP) նոր կուսակցության հիմնադրման մասին։