Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլին
«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում փետրվարի ընթացքում հավաքված 4.644.456 դրամը փոխանցվել է «Մաթեմիկ» ՀԿ-ին՝ կազմակերպության կրթական ծրագրերի իրականացման և զարգացման աջակցման նպատակով։ Հավաքված գումարը կուղղվի երեխաների և երիտասարդների կրթական զարգացմանը, գիտելիքի տարածմանը և կազմակերպության առաքելության առաջխաղացմանը՝ ի նպաստ կրթության ոլորտի շարունակական զարգացման: Շահառու երեխաների համար կիրականացվեն նաև ֆինանսական գրագիտության դասընթացներ:
IDBank-ի և Իդրամի «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում մարտի ընթացքում հավաքագրված միջոցներն ուղղվելու են «Սիմֆոնիկ անտառ» համերգի երկրորդ՝ ամփոփիչ փուլի իրականացմանը։
Նախորդ տարի կազմակերպված «Սիմֆոնիկ անտառ» համերգը գրանցեց զգալի հաջողություն և արժանացավ հանրության լայն արձագանքին՝ դառնալով յուրահատուկ մշակութային իրադարձություն, որը համադրեց դասական երաժշտությունն ու բնության միջավայրը։ Համերգը ոչ միայն մշակութային կարևոր նախաձեռնություն էր, այլև բնապահպանական ուղերձ ունեցող ծրագիր, որի շրջանակում հայտարարվել էր 20,000 ծառ տնկելու մասին։
Հաշվի առնելով ծրագրի նկատմամբ հանրության հետաքրքրությունն ու դրական արձագանքը՝ նախաձեռնության կազմակերպիչները որոշել են իրականացնել համերգի երկրորդ՝ ամփոփիչ մասը, որի ընթացքում «Մի դրամի ուժը» կլինի «Սիմֆոնիկ անտառ» ծրագրի գլխավոր և բացառիկ գործընկերը։
«Մի դրամի ուժը» նախաձեռնության մարտ ամսվա ընթացքում հավաքագրված միջոցները կուղղվեն հենց այս փուլին՝ նպաստելով ինչպես համերգի կազմակերպմանը, այնպես էլ նախորդ տարի հայտարարված ծառատունկի ծրագրի ամբողջական իրականացմանը։
IDBank-ի և Իդրամի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ Սիմֆոնիկ անտառի իրագործումը հնարավոր կլինի իրականացնել շնորհիվ ծրագրի ֆինանսավորման երկրորդ փուլի․ «Երբ մեկնարկում էինք ծրագիրը Հայաստանի Սիմֆոնիկ նվագախմբի և «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի հետ, հնչեցրինք խոստում, որ անտառում կտնկվի 20.000 ծառ։ Առաջին համերգի և Իդրամի ու IDBank-ի համագործակցության շնորհիվ տնկվեց 10.000 ծառ, մարտ ամսվա ընթացքում Մի դրամի ուժի գումարով կտնկվի ևս 10.000 ծառ ու մեր երկրում կհիմնվի ևս մեկ անտառ, որը տարիներ անց դրական ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա։ Իդրամն ու IDBank-ը իրենց Սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում արդեն տնկել է շուրջ 42.000 ծառ: Այս տարվա համար ծառերի քանակը կկազմի ավելի քան 15.000: Այսպիսով մենք կիրագործենք մեր խոստումը 2025-2026 թվականների ընթացքում տնկել 25.000 ծառ», – ասել է Տաթևիկ Վարդևանյանը։
«Անցած տարի հոկտեմբերին կայացած համերգի տոմսերի վաճառքի հասույթի և IDBank-ի հովանավորության շնորհիվ մենք 2025թ աշնանը տնկեցինք 9,343 ծառ Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի մոտ՝ ապագա Սիմֆոնիկ անտառում։ Շատ ուրախ ենք, որ այս համագործակցությունը շարունակվում է, և մենք այս տարի կավարտենք Սիմֆոնիկ անտառի տունկը։ Տարիներ անց այն կդառնա ոչ միայն նվագախմբի 20-ամյակի, այլ երաժշտության, բնության ու մեր բոլորի միասնության ուժի խորհրդանիշը» – ասաց «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը։
«Մեզ համար անչափ ուրախալի և ոգևորիչ է, որ IDBank-ի և Իդրամի «Մի դրամի ուժը» նախաձեռնության հետ մեր համագործակցությունը չսահմանափակվեց միայն մեկ համերգով։ Համագործակցության շարունակությունը մեզ թույլ կտա ամբողջությամբ իրականացնել Սիմֆոնիկ անտառում 20.000 ծառ տնկելու մեր նախագիծը, որն իրականացնում ենք Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի հետ։ Առաջիկայում հանդիսատեսին կներկայացնենք ևս մեկ յուրօրինակ համերգային նախագիծ, որը կմիավորի բնությունն ու երաժշտությունը։ Հուսով ենք, որ նվագախմբի կառուցվածքով տնկվող յուօրինակ անտառը ոչ միայն կխորհրդանշի մեր 20-ամյա հոբելյանը, այլև կարևոր դեր կխաղա մեր երկրում անտառածածկ տարածքների ավելացման գործում», – ասել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։
«Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, բնապահպանական և մշակութային կարևոր նախաձեռնություններին՝ համախմբելով մարդկանց փոքր ներդրումները մեծ և կարևոր նպատակների շուրջ։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
