SK Hynix-ը 720 մլրդ դոլար կներդնի հիշողության արտադրության խոշորագույն գործարանների ցանցի ստեղծման համար
Հարավկորեական SK Hynix ընկերությունը 720 մլրդ դոլար կներդնի արհեստական բանականության համար նախատեսված համակարգչային հիշողության արտադրության աշխարհի խոշորագույն գործարանների ցանցի ստեղծման համար: Այս մասին հայտնում է CNBC-ն։
Վերջին մեկ տարվա ընթացքում SK Hynix-ի շուկայական կապիտալիզացիան ավելի քան հինգ անգամ աճել է և գերազանցել 1 տրլն դոլարը՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների նկատմամբ բարձր պահանջարկի ֆոնին։ Առաջին եռամսյակում ընկերությունը զբաղեցրել է բարձր թողունակությամբ հիշողության շուկայի 58%-ը՝ առաջ անցնելով Samsung-ից և ամերիկյան Micron-ից, որոնց բաժինը կազմել է 21-ական տոկոս։ Նախագիծը ֆինանսավորելու համար արտադրողը հուլիսին 26.5 մլրդ դոլար է ներգրավել՝ բաժնետոմսերը Nasdaq բորսայում ցուցակագրելու միջոցով։ SK Group-ի նախագահ Չեյ Թե Վոնը նշել է, որ շուկայում բաղադրիչների սուր պակաս է նկատվում։
Ընդլայնման շրջանակում SK Hynix-ը նաև ԱՄՆ-ում իր առաջին՝ 4 մլրդ դոլար արժողությամբ ձեռնարկությունն է կառուցում Ինդիանա նահանգում։ Դրա շինարարության ավարտը նախատեսվում է 2028 թվականին։ Ավելի վաղ՝ 2020 թվականին, ընկերությունը 9 մլրդ դոլարով ձեռք բերելու պայմանավորվածություն էր ձեռք բերել Intel-ի NAND հիշողության արտադրության բիզնեսի վերաբերյալ։ Իսկ ընթացիկ տարվա հունվարին ԱՄՆ-ում գործարկել է 10 մլրդ դոլար կապիտալով դուստր ընկերություն։
Միաժամանակ ամերիկյան մրցակիցներն ընդլայնում են արտադրական հզորությունները։ Micron-ը 50 մլրդ դոլար է ներդնում Այդահո նահանգում գործարանների կառուցման համար և Նյու Յորքում 100 մլրդ դոլար արժողությամբ արտադրական համալիր է կառուցում։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

