1950-ականների Porsche 550 Spyder-ը վերածնվել է նոր սպորտային մեքենայի տեսքով
Porsche-ը շարունակում է նշել իր սպորտային պատմության 75-ամյակը։ Hedley Studios-ի հետ համատեղ ընկերությունը ստեղծել է նոր Porsche 550 Spyder J-ը, որը 1954 թվականի 550 Spyder մոդելի էլեկտրական տարբերակն է։
Ներկայացված սպորտային մեքենան պահպանել է իր նախորդի արտաքին տեսքը։ Սակայն նորույթը բնօրինակից 20%-ով փոքր է։ Այն շարժվում է 48-վոլտանոց էլեկտրական համակարգով, որն ապահովում է մինչև 22 ձիաուժ հզորություն։ Ներկայացված Porsche 550 Spyder J-ը կոլեկցիոն ավտոմեքենա է, որը նախատեսված չէ ընդհանուր օգտագործման ճանապարհների համար։ Գերմանական ընկերությունը նախատեսում է թողարկել այս մոդելի ընդամենը 250 օրինակ։ Պաշտոնական գինը չի հայտարարվել։
Porsche-ը հայտնել է, որ գնորդներին կառաջարկի նորույթի անհատականացման բազմաթիվ տարբերակներ։ Սակայն հիմնականում դրանք սահմանափակվում են թափքի տարբեր երանգների և դեկորատիվ կպչուն պիտակների ընտրությամբ։ Ավտոմեքենան նախատեսված է երկու մարդու համար, իսկ առավելագույն արագությունը չի գերազանցում 80 կմ/ժ-ը։
Հիշեցնենք, որ Porsche 550 Spyder-ը ներկայացվել է 1950-ականների սկզբին։ Ընկերության պաշտոնական մամուլի հաղորդագրության համաձայն՝ այս մոդելը կարևոր նշանակություն է ունեցել գերմանական ապրանքանիշի զարգացման պատմության մեջ։ Porsche 550 Spyder-ը ընկերության առաջին ավտոմեքենան էր, որը նախագծվել էր հատուկ ավտոսպորտի համար։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

