«Գազպրոմ»-ը Հայաստանում իրականացրել է շուրջ 900 մլն դոլարի ներդրում
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունների խումբը ծրագրում է զգալիորեն բարձրացնել «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեության արդյունավետությունը: «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության առջև դրվելու են բավականին մեծ և հեռանկարային նպատակներ ու խնդիրներ:
Նշենք, որ «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի ղեկավարությամբ Երևանում կայացել է ընդլայնված կազմով խորհրդակցություն՝ նվիրված «Գազպրոմ» խմբի կազմում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ինտեգրման գործընթացներին:
Խորհրդակցության ժամանակ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը, ներկայացնելով ընկերության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներն ու հեռանկարները, նշել է, «Գազպրոմ»-ի կողմից մշտապես ցուցաբերվող աջակցության շնորհիվ հնարավոր է դարձել շուրջ 900 մլն ԱՄՆ դոլարի ներդրում իրականացնել Հայաստանի տնտեսությունում:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել է «Գազպրոմ» խմբի կազմում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ինտեգրման գործընթացների հետ կապված հարցերի լայն շրջանակ: