ԿԱՐԱՍ-ը ԱՊՀ-ի 5 լավագույն ազգային ռեստորանների թվում՝ ըստ Travel.ru-ի վարկանիշի
Օրերս ռուսական հայտնի Travel.ru զբոսաշրջային հարթակը ներկայացրել է ԱՊՀ երկրների ազգային խոհանոցի լավագույն ռեստորանների հնգյակը, որի մեջ ընդգրկվել է հայկական Կարաս ազգային սննդի ցանցը: Վարկանիշը կազմելիս հաշվի են առել տվյալ ռեստորանի վերաբերյալ արձագանքներն ու Travel.ru ծառայության զբոսաշրջիկների կարծիքները։
Հայկական ազգային սննդի ցանցի վերաբերյալ նկարագրությունում նշվում է, որ զբոսաշրջիկները կարող են այստեղ հայկական և կովկասյան խոհանոցի ուտեստներ ճաշակել` խորոված, միքս-ապուրներ, գառան մսի խաշլամա, խաչապուրի, տոլմա, մանկական ուտեստներ, այդ թվում նաև պատվիրել ուտեստներ առաքման միջոցով։
Զբոսաշրջիկների կողմից հավանության արժանացած սրճարանների ու ռեստորանների լավագույն հնգյակում ներառվել են նաև՝ ռուսական շուկայում առաջատարներից «Տերեմոկը», որն ունի 280 մասնաճյուղ, «Տայկազանը»՝ ավելի քան տաս կետ Աստանայում և Ալմաթիում, «Տուբեթեյ» արագ սննդի ցանցը Կազանում, ինչպես նաև բելոռուսական հայտնի «Վասիլկի» ռեստորանային ցանցը:
Նշենք, որ Travel.ru կայքը գործում է 1997թ-ից՝ ամբողջ աշխարհի մասշտաբով տրամադրելով ամենօրյա թարմացվող զբոսաշրջային տեղեկատվություն: Travel.ru կայք այցելուների թիվն հասնում է մի քանի միլիոնի: