ԱՐՄԵՆՏԵԼ – ՀՀ ԻՆՏԵՐՆԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌՈՂՋ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ
ՀՀ ինտերնետ ծառայությունների շուկայում առողջ մրցակցային պայմանները բացակայում են: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի շրջանակներում նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ապրանքային նշանը Beeline) Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Անդրադառնալով վերջին մեկ շաբաթվա ընթացքում ընկերության կողմից մատուցվող ինտերնետային ծառայությունների որակի վերաբերյալ բաժանորդների ներկայացրած բողոքներին` Իգոր Կլիմկոն նշել է, որ դա պայմանավորված է օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք գործոններով, որոնցից նա առանձնացրել է մեր հանրապետությունում հեռախոսային գծերի ներկայիս որակը, որը չի բավարարում անհրաժեշտ պահանջներին, ինչպես նաև վերջին ժամանակներում ինտերնետային կապ մատակարարող ընկերությունների ոչ ճիշտ մրցակցային քաղաքականությունը:
Ինչպես ներկայացրեցին ընկերության աշխատակիցները` ինտերնետային կապ տրամադրող ընկերությունները, և մասնավորապես ADC-ն, ստեղծում է տեխնիկական խոչընդոտներ, որոնք անհնարին են դարձնում «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ինտերնետային ծառայության բաժանորդներին բեռնել Youtube և Google կայքերը: