Հոլիվուդում 70 մլն դոլար բյուջեով ֆիլմ կնկարահանեն բիթքոյնի ստեղծողի մասին
Հոլիվուդում պատրաստվում են թողարկել «Բիթքոյն» (Bitcoin) անվանումով նոր թրիլլեր՝ 70 մլն դոլար բյուջեով։ Ֆիլմի սյուժեն կծավալվի առաջին կրիպտոարժույթի անանուն ստեղծող Սատոշի Նակամոտոյի որոնումների շուրջ։ Ռեժիսոր Դագ Լայմանի ֆիլմում գլխավոր դերերը կկատարեն Գալ Գադոթը, Քեյսի Աֆլեքը, Փիթ Դևիդսոնը և Այլա Ֆիշերը։
Ֆիլմը կպատմի կառավարությունների, Ուոլ Սթրիթի և Սիլիկոնյան հովտի միջև հակամարտության մասին, որոնց ներկայացուցիչները փորձում են թաքցնել ծրագրավորողի ինքնության մասին ճշմարտությունը։ Ռեժիսոր Դագ Լայմանը 2025 թվականի սեպտեմբերին ֆիլմը նկարագրել էր որպես Դավթի և Գողիաթի դիմակայության պատմություն, որտեղ հերոսները մարտահրավեր են նետում հզոր ինստիտուտներին՝ վիճելով այն մասին, թե «ինչ է փողը և ով է վերահսկում այն»։ Պրոդյուսեր Ռայան Կավանոյի խոսքով՝ ֆիլմn ուսումնասիրում է այն մարտահրավերը, որը կրիպտոարժույթը նետում է ավանդական ֆինանսական համակարգին։
Սատոշի Նակամոտոն բիթքոյնի տեխնիկական փաստաթուղթը հրապարակել է 2008 թվականին, որից հետո մի քանի տարի անց անհետացել է հանրային դաշտից։ Գալ Գադոթն իր հերթին նշել է, որ կինոարդյունաբերությունն այլևս չի կարող անտեսել արհեստական բանականության զարգացումը, ուստի իր իրավաբանները վեց ամիս են ծախսել պաշտպանական միջոցների համաձայնեցման վրա՝ կանխելու համար նոր տեխնոլոգիաների միջոցով իր դերակատարման չարտոնված փոփոխությունը։
