ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄԻ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
Երեկ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի էկոնոմիկայի նախարարներ Ներսես Երիցյանը և Լաշա Ժվանիան աշխատանքային հանդիպման շրջանականերում քննարկել են Երևան-Բաթումի ավտոմայրուղու շինարարական աշխատանքների հետ կապված հարցեր:
Հանդիպումից հետո Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լաշա Ժվանիան լրագրողներին հայտնել է, որ «Հազարամյակի Մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում արդեն ընթանում են Հայաստանը Ջավախքի հետ կապող ավտոմայրուղու ամենախնդրահարույց հատվածի` Բավրա-Նինոծմինդա, նորոգման աշխատանքները:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը իր հերթին նշել է, որ նոր կառուցվող ավտոմայրուղին կլինի եվրոպական չափանիշներին համապատասխան ժամանակակից ճանապարհ: Նախարարը նաև ավելացրել է, որ սույն նախագիծը հնարավորություն կտա ակտիվացնելու Հայաստանի և Վրաստանի տնտեսական կապերը և զգալիորեն կավելացնի բեռնափոխադրումների ծավալը:
Հիշեցնենք, որ Երևան-Բաթումի ժամանակակից ավտոմայրուղու կառուցման մասին համաձայնությունը կայացվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2008թ.-ի սեպտեմբերին Վրաստան կատարած այցելության ընթացքում: Նոր ավտոմայրուղու կառուցումից հետո Երևանից Բաթումի ճանապարհը կկրճատվի ավելի քան 250 կմ-ով և կկազմի 450 կմ: