ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ՃՈՊԱՆՈՒՂԻՆ ՈՐՈՏԱՆԻ ԿԻՐՃԻ ՎՐԱՅՈՎ ԿՍԿՍԻ ԿԱՌՈՒՑՎԵԼ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ
Աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որը պետք է լինի Գորիսի շրջանում` Որոտանի կիրճի վրա, կսկսի կառուցվել հոկտեմբերին: Ինժեներական եւ գծագրման աշխատանքներն արդեն սկսված են: Հայաստանի Ազգային մրցունակության խորհրդի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանն այսօր լրագրողներին ասաց, որ 2010-ի հոկտեմբերին արդեն ճոպանուղին նախատեսվում է շահագործման հանձնել:
Բ. Փափազյանի խոսքով` շուրջ 20 մլն դոլար արժե այն համալիր ծրագիրը, որի շրջանակներում պետք է կառուցվի այս ճոպանուղին, վերակառուցվի Տաթեւի վանական համալիրը, կառուցվի հյուրանոցային համալիր: Եւս շուրջ 10 մլն դոլար է անհրաժեշտ բարեկարգելու «Սատանի կամուրջ» բնական հուշարձանը, «Մեծ անապատ» մենաստանը եւ այլն: Ներդրումների ներգրավման առումով, ըստ նրա, խնդիրներ առանձնապես չկան. չնայած ճգնաժամին` այս ծրագիրը խանդավառում է բոլորին:
Որոտանի կիրճի վրայով կառուցվելիք ճոպանուղին կլինի ամենաերկարն աշխարհում`լինելով 5.5 կմ: Նման կառույց կա Եվրոպայում` մոտ 5 կմ երկարությամբ: Դրա արագությունը կլինի 10մ/վ, ինչը թույլ կտա ընդամենը 10 րոպեում անցնել Որոտանի կիրճի վրայով եւ մեքենայով ոլորապտույտ ճանապարհն անցնելու` միջինում 45-55 րոպեն էականորեն կրճատել: Ճոպանուղու գծի ամենամեծ բարձրությունը կլինի մոտ 500մ: