ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ 97-ՐԴՆ Է ԱՇԽԱՐՀԻ 133 ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից թողարկվող 2009-2010թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցում (ՄՀԶ) Հայաստանը 133 երկրների մեջ զբաղեցնում է 97-րդ տեղը` պահպանելով նախորդ տարվա ցուցանիշը: ՄՀԶ-ն իր վերլուծություններն ամփոփում եւ համեմատվող երկրներին դասակարգում է Համաշխարհային մրցունակության ցուցիչի (ՀԱՄ ցուցիչ) միջոցով, որը, հաշվարկվելով մրցունակության 12 հենասյուների հիման վրա, երկրների մրցունակության ամփոփ գնահատական է տալիս: Վարկանիշերի հաշվարկման հիմքում ընկած են վիճակագրական տվյալներ եւ ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքներ: Վերջինս տարեկան կտրվածքով իրականացվում է ՄՀԶ-ում ներառված երկրներում` ՀՏՖ-ի եւ Համաշխարհային մրցունակության ցանցի (ՀՄՑ) գործընկեր կազմակերպությունների կողմից:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում ՀՄՑ-ի գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտոնի նախագահ Մանուկ Հերգնյանը, զեկույցի արդյունքներով առաջին տեղում է Շվեյցարին, երկրորդում` ԱՄՆ-ն` ֆինանսական շուկաների եւ մակրոտնտեսական կայունության առավել ցածր մակարդակով: Նրա խոսքով, մրցունակության տեսանկյունից Հայաստանը 2009թ-ին անցում է կատարել զարգացման որակապես նոր փուլ, որտեղ փոխվում է մրցակցության խթանիչների դերը: Այս փուլում աճում է տնտեսական արդյունավետության եւ նորարարական կարողությունների վրա ազդող գործոնների նշանակությունը: «Մրցունակության համեմատաբար լավ արդյունքներ գրանցվել են հիմնարար ոլորտներում: Հատկապես զգալի է առաջընթացը ենթակառույցների եւ մակրոտնտեսական կայունության առումով: Որոշակի հետընթաց է արձանագրվել ապրանքային շուկայի արդյունավետության եւ նորարարաության ոլորտում»,- նշեց Մ. Հերգնյանը:
«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սեւակ Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանի հիմնական մրցակցային առավելություններն են պետական պարտքի փոքր չափը, աշխատանքի շուկայի կարգավորումը, ինչպես նաեւ գյուղատնտեսական քաղաքականությունը, հանցագործությունների եւ ահաբեկչության հարուցած ծախսերը: Թերությունների ցուցակը գլխավորում են շուկայում գերիշխող խմբերի առկայությունը եւ մրցակցային անկատար մակարդակը, որոնք հակամենաշնորհային անարդյունավետ քաղաքականության հետեւանք են: