ԿԱՍՊԵՐՍԿՈՒ ՆՈՐ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հակավիրուսային ծրագրերի ապահովման համաշխարհային առաջատարներից մեկը` «Կասպերսկու լաբորատորիա»-ն, Հայաստանի հետ ընդլայնում է իր համագործակցությունը: Այդ նպատակով այսօր ՀՀ կառավարությունում ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Կասպերսկու լաբորատորիայի միջեւ ստորագրվել է «Անվտանգ Հայաստան» փոխըմբռնման հուշագիրը, որը թույլ կտա տեղեկատվական անվտանգության ոլորտում երկուստեք հաստատել առավել արդյունավետ համագործակցություն:
«Կասպերսկու լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին այսօր կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, որտեղ կան ողջ պետության համակարգչայնացման հավակնոտ նպատակներ, համակարգչային անվտանգության հարցերը շատ սուր են դրված: «Ճիշտ կլինի այդ մասին մտածել մինչեւ խնդիրների առաջացումը, եւ այդ պատճառով ենք մենք Հայաստանում»,-ասաց նա:
Ե. Կասպերսկին տեղեկացրեց, որ առաջիկայում իրենք Հայաստանում ներկայացված կլինեն ոչ միայն իրենց ծրագրային լուծումներով եւ գործիքներով, այլեւ կրթական ծրագրերով:
Այն հարցին, թե Հայաստանում օգտագործվող Կասպերսկու հակավիրուսային ծրագրերը գրեթե 90 տոկոսով «ծովահենային» են, նա ասաց, որ իրենք ամեն պահի կարող են արմատախիլ անել նման դեպքերը եւ փակել անօրինական ծրագրերը, սակայն դա դեռ չեն անում: Նրա խոսքով` ծրագրերից անօրինական օգտվելն առավելապես «դրամապանակի» հարց է` բնորոշ ավելի ցածր կենսամակարդակ ունեցող երկրներին, սակայն իրավիճակի բարելավմանը զուգահեռ նկատվում է նաեւ նման դեպքերի կրճատում:
Ինչո՞ւ ընտրել հենց Կասպերսկու հակավիրուսային ծրագրերը, չէ՞ որ դրանք դանդաղեցնում են համակարգչի աշխատանքը: Ե. Կասպերսկին նշում է, որ իրենք ոչ մեկին չեն պարտադրոմ օգտվել դրանցից. պարզապես պետք է հին համակարգիչներից անցում կատարել նորերին:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշեց, որ հակավիրուսային ծրագրային ապահովման ոլորտի առաջատարներից մեկի հետ համագործակցության սերտացումը կարեւոր է հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանը փորձում է էլեկտրոնային հասարակություն ստեղծել: Կասպերսկու լաբորատորիան այս ոլորտում առաջարկում է լուծումներ, որոնք ունեն միջազգային ճանաչում եւ յուրահատուկ են իրենց պաշտպանական հատկանիշներով: «Քանի որ մենք ձգտում ենք մասսայականացնել ինտերնետը, վաղ շրջանում պետք է կարողանանք այդ խնդիրը հասկանալ եւ համապատասխան պաշտպանական համակարգ զարգացնել»,-ասաց նախարարը: Նրա տեղեկացմամբ` այս փաստաթղթի համաձայն` նաեւ լուրջ ջանքեր են գործադրվելու, որպեսզի կրթական ծրագրերի միջոցով բարձրացվի մարդկանց տեղեկացվածությունն անվտանգության հարցերի վերաբերյալ: