
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Գերմանացի գործարարները հեռանկարներ են տեսնում Հայաստանի հետ համագործակցելու էներգետիկայի, գյուղատնտեսության, շինարարության ոլորտներում: Հայաստանի եւ Գերմանիայի արտաքին առեւտրաշրջանառությունը 2008թ-ին կազմել է 438.9 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարի Հայաստանից հիմնականում արտահանվել է երկաթ, պողպատ, պղինձ, Գերմանիայից ներմուծվել է էլեկտրոնային մեքենաշինության սարքավորումներ: Գերմանիան վերջին տարիներին բավականին ակտիվ ներդրումային քաղաքականություն է վարում Հայաստանում: Ներդրումներն ուղղվում են հիմնանակում լեռնամետալուրգիայի ոլորտ: Այսօր այս մասին նշվեց Երեւանում մեկնարկած հայ-գերմանական գործարար համաժողովին: Դրան մասնակցում են գերմանական 12 ընկերություններ, որոնք Հայաստանում կլինեն մինչեւ սեպտեմբերի 19-ը, նրանց համար նախատեսված են առանձին հանդիպումներ Հայաստանի գործարարների հետ, ինչպես նաեւ այցելություններ տեղական ձեռնարկություններ եւ ընկերություններ:
Գերմանիայի պատվիրակության ղեկավար Մարգրիտ Շտեֆֆելը նշեց, որ այս համաժողովը կարեւոր նշանակություն ունի գործարարների համար, այն հնարավորություն է տալիս պարզել երկու երկրների տնտեսության ուժեղ կողմերը, զարգացման ուղղությունները:
Համաժողովի կազմակերպիչ Հայկական զարգացման գործակալության տնօրենի տեղակալ Վալերի Շաբանովը նշեց, որ տնտեսության մեջ երկու երկրների համագործակցությունը զգալի հիմքերի վրա է դրված, սակայն դա չի նշանակում, որ եղածով պետք է բավարարվել: