ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԵՊՔԵՐ 03/12/09
ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ կոմիտեի ներքին դիտարկումների և վերահսկողության վարչության աշխատակիցների օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հերթական դեպքը:
Ստուգման արդյունքում մայրաքաղաքի Ներքին Չարբախի բնակիչ Գուրգեն Գասպարյանի մոտ հայտնաբերվել է առանց ակցիզային դրոշմանիշերի տարբեր պիտակներով շուրջ 400 շիշ ոգելից խմիչք, հիմնականում կոնյակներ` «Гордость Армении», «Սիս», «Ոսկեպար»: Ոգելից խմիչքի մի մասն էլ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված է եղել, այդ թվում և օղի` «Супер» և «Особая» պիտակներով:
Գ.Գասպարյանը նշել է, թե կես տարի առաջ 100 արկղ ոգելից խմիչքը (յուրաքանչյուր արկղում` 12 շիշ) ինքը ստացել է ավտոմեքենայի փոխանակման արդյունքում` գործարքն իրականացնելով Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ Գնել Իսագուլյանի հետ: Խմիչքի մի մասն էլ, Գ.Գասպարյանի խոսքերով, իրացրել է առանց ակցիզի: Ապօրինի ձեռնարկատերը տուգանվել է` շուրջ մեկ միլիոն դրամով: Հայտնաբերված ապրանքն առգրավվել է:
Դարձյալ Ներքին Չարբախում արձանագրվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության ևս մեկ դեպք. բնակիչ Գագիկ Օրդյանը զբաղվել է արտասահմանյան ավտոմեքենաների ավտոպահեստամասերի վաճառքի և վերանորոգման աշխատանքներով: Գ.Օրդյանը հայտնել է, որ տվյալ գործով զբաղվում է շուրջ 3 ամիս:
Կատարվում է հետաքննություն: