ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՑ ՍԿՍԱԾ ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
Այսօր` լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանելով Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներին վերաբերող հարցին ասել է. «Ընդհանուր առմամբ մեր գնահատականը հետեւյալն է, որ սեպտեմբերից սկսած մենք տեսնում ենք տնտեսական աշխուժացում եւ այս մակրոտնտեսական ցուցանիշները, ըստ ճյուղերի վերլուծությունը ցույց են տալիս, որ մենք մտել ենք տնտեսության վերականգնման փուլ։ Դրանով է նաեւ պայմանավորված այն հանգամանքը, որ 18.4 տոկոս տնտեսական անկումից մենք հասել ենք եւ տարին կավարտենք 15 տոկոսանոց տնտեսական անկումով։ Բնականաբար 2008 թ-ի համախառն ներքին արդյունքի վարքագիծն է կարեւոր եւ այս ցուցանիշների մեջ նաեւ իր ազդեցությունն է թողնում այն հանգամանքը, որ 2008 թ-ի առաջին կիսամյակում մենք ունեինք աճի բարձր տեմպեր, եւ նույն թվականի երկրորդ կիսամյակում աճի տեմպերը սկսեցին նվազել եւ, բնականաբար, դա էլ իր ազդեցությունն է թողնում այն հանգամանքի վրա, որ մենք 2009 թ-ի առաջին կիսամյակում ունեինք ավելի բարձր անկման ցուցանիշներ, քան 2009թ-ի երկրորդ կիսամյակում։ Բայց որ տնտեսական աշխուժացման միտումներ կան, դա վկայում է ե’ւ արտահանման, ե’ւ ներմուծման, ապրանքաշրջանառության ցուցանիշները։ Կարող ենք նաեւ արձանագրել, որ մեր ընդլայնողական քաղաքականության արդյունքներից մեկն այն է, որ 2009 թ-ի ընթացքում չնայած մենք ունենք այսպիսի մեծ տնտեսական անկում, ապրանքաշրջանառության ծավալները աճել են։ Այս տարվա նոյեմբերի մանրածախ ապրանքաշրջանառության ծավալներն ի համեմատություն 2008թ-ի հետ, աճ են արձանագրել։ Սա տարօրինակ է այն առումով, որ մեր քաղաքացիները որդեգրել են զգուշավոր վարքագիծ ծախսային, այսինքն թանկարժեք ապրանքների գնումները հետաձգվում են, բայց մեր քաղաքացիները իրենց բացարձակապես չեն կարողանում զսպել իրենց ընթացիկ ծախսերի մեջ։ Ավելին` նախորդ տարվա հետ համեմատած ունենք մի փոքր աճ մանրածախ ապրանքաշրջանառության մեջ, որը նույնպես վկայում է այն մասին, որ 2009թ-ի երկրորդ կիսամյակում արդեն մտել ենք տնտեսության վերականգնման փուլ»։