ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է ՎԱՅՐԱՀԱՉՈՒՄՆԵՐԻՑ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2009 թվականին հանրապետության անասնաբուծական տնտեսություններում խնամվող ոչխարի գլխաքանակը 560 հազար էր, որի 50 տոկոսը եղել են մայր ոչխարները: Անցած տարի հանրապետությունից արտահանվել է 117 հազար գլուխ վերատադրության համար ոչ պիտանի ոչխար եւ գառ, հիմնականում` Իրանի Իսլամական Հանրապետություն: Ներկայումս հանրապետությունում հաշվվում է շուրջ 550 հազար գլուխ ոչխար: Առաջիկա ամիսներին (մարտ-ապրիլ) կամ ծնի սեզոնին դրանց քանակը կավելանա շուրջ 200 հազարով: Ծրագրի իրականացումից հետո միչեւ 2020 թվականը ՀՀ-ում ոչխարի գլխաքանակը կհասնի մոտ 1 մլն 500 հազարի: Բացի դրանից, ծրագրի կատարման արդյունքում ճյուղի համախառն արտադրանքի արժեքը միայն մսի իրացման մասով կկազմի 21 մլրդ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշները կգերազանցի 3,3 մլրդով կամ 15 տոկոսով: Այս ցուցանիշերն այսօր լրագրողներին ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը` որպես «վայրահաչումներ» բնորոշելով այն խոսակցությունները, թե Հայաստանից արտահանվել է ոչխարի մայրական կազմի 30-40 տոկոսը:
Նախարարի տեղեկացմամբ` Հայաստանում այս տարի կիրականացվի ոչխարաբուծության զարգացման ծրագիր, որի շրջանակներում այս տարի նախարարության համապատասխան ստորաբաժանումների եւ ծառայությունների միջոցով կերակրման, խնամքի, անասնաբուժական աջակցություն ցուցաբերելուց բացի, ոչխարաբուծական տնտեսություններում աշխատանքներ կտարվեն նաեւ տոհմային գործի բարելավման ուղղությամբ:
Ըստ նախարարի` գործընթացը հնարավորություն կընձեռի ստանալ բարձր վերարտադրություն եւ մթերատվություն ապահովող մայրական կազմ, որի շնորհիվ կավելանա մսի եւ մսամթերքի նպատակով աճեցվող մատղաշի գլխաքանակը: Գ. Ալավերդյանը նշեց, որ նախնական հաշվարկներով այս տարի սպանդի համար կաճեցվի շուրջ 450 հազար գլուխ մատղաշ: Դրանց մեջ վերատադրության համար ոչ պիտանիները (շուրջ 150 հազար) կարտահանվեն: