
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Հարկայինի թիրախում ոչ միայն անապրանք գործարքներ իրականացնող կազմակերպություններն են, այլև` դրանց իրական տերերը
Հարկային մարմինների խնդիրը եղել և շարունակում է մնալ օրենսդրությամբ ընձեռված լիազորությունների շրջանակներում և հասանելի բոլոր գործիքներով հարկային վարչարարության պատշաճ իրականացումը և, համապատասխանաբար, հարկային կարգապահության մակարդակի բարձրացումը, տնտեսության բոլոր հատվածներում իրական փաստաթղթաշրջանառության ապահովումն ու ստվերի վերացումը: Այս գործառույթների լիարժեք իրականացմանը նպաստել է նաև ՀՀ «Քրեական օրենգրքում» 2009թ.-ին կատարված փոփոխությունները: Փետրվարի 27-ին հանդիպելով լրագրողներին` ՊԵԿ հետաքննության, օպերատիվ-հետախուզության և քննչական վարչությունների ներկայացուցիչները մանրամասնեցին 2009թ.-ին իրականացված աշխատանքները և 2010-ի հիմնական անելիքները:
Հետաքննության վարչության պետ` Գևորգ Ներսիսյանի խոսքերով, հետաքննության վարչության կողմից «Քրեական օրենսգրքի» 205 հոդվածի հիմքով, այն է` հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը, 2009 թ.-ին հարուցվել է 83 գործ, իսկ այս տարի ստացվել է շուրջ 63 նյութ` 4 մլրդ 678 մլն 870 հազար դրամ հարկային պարտավորությամբ, որից հարկի գումարը կազմել է 216 մլն դրամ: Խստացումների առումով Գ. Ներսիսյանը նշեց, որ 205 հոդվածի 2-րդ մասով, երբ պետությանը հասցված վնասի չափը գերազանցում է 15 մլն դրամը, իրավախախտը քրեական պատասխանատվությունից չի ազատվում անգամ վնասը վերականգնելու դեպքում:
Ամփոփելով ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատանքները, վարչության պետի տեղակալ Մելքոն Աղաջանյանը ևս շեշտադրեց հարկային իրավախախտումներ դեմ ՊԵԿ–ի որդեգրած ավելի խիստ մոտեցումները: Նրա խոսքերով այս աշխատանքների իրականացման ընթացքում ՊԵԿ-ը սերտորեն համագործակցում է նաև մյուս իրավապահ մարմինների` գլխավոր դատախազության , ազգային անվտանգության և ոստիկանության հետ:
Նշվեց, որ 2009թ. ընթացքում ՊԵԿ ՕՀ վարչության կողմից իրականացվել է 147 ստուգում, ինչի արդյունքում պետական բյուջե լրացուցիչ վճարման է առաջադրվել 8,2 մլրդ դրամ: Այդ ժամանակահատվածում մեր կողմից նախապատրաստված նյութերով 48 գրություն ուղարկվել է հետաքննության վարչություն, որից 30 դեպքով հարուցվել է քրեական գործ, 1-ը` մերժվել, իսկ 17-ը ընթացքի մեջ է:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է նաև 278 ապօրինի ձեռնարկատիրության դեպք, ինչը կրկնակի գերազանցում է 2008թ. ցուցանիշը /2008թ. 117 դեպք/ : Ակցիզային դրոշմանիշերի կիրառման ճշտության գծով իրականացվել է 46 ստուգում : Մ. Աղաջանյանի մեկնաբանությամբ, աա փոքր թիվ չէ, հատկապես, եթե համեմատենք անցած տարվա հետ : 2008թ.-ի հայտանբերվել է նմանատիպ ընդամենը 5 դեպք: Նշված բոլոր դեպքերով կազմվել են նյութեր, իսկ օրինախախտները` ենթարկվել վարչական պատասխանատվության:
Ըստ Մ. Աղաջանյանի, ստուգումների հետաքրքիր վիճակագրություն կա նաև 2010թ. փետրվարին: Այս մեկ ամսվա ընթացքում արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության և առանց ակցիզային դրոշմանիշերի ապրանքների իրացման երկու դեպք: Նշված ժամանակահատվածում, իրավապահ մարմիններից ստացված գրությունների հիման վրա կատարվող ստուգումների արդյունքում, արձանագրվել են նաև 130մլն դրամի խախտումներ:
Նրա խոսքերով, 2009-2010թթ. արձանագրված խախտումների մեծ մասը եղել են անապրանք գործարքներն ու «կեղծ» մաքսազերծման դեպքերը: Միայն 2009թ. իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 79 հավանական անապրանք գործարք իրականացնող տնտեսվարող սուբյեկտ: Մեծ մասի մոտ արդեն ստուգումներ են իրականացվել և նյութերն ուղարկվել իրավապահ մարմիններին: Առանց ապրանքների մատակարարման հաշվարկային փաստաթղթեր դուրս գրող և ձեռք բերող, ինչպես նաև ձևական «կեղծ» մաքսազերծում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հայտնաբերման ժամանակ պարզվել է, որ շատ դեպքերում մեկ քաղաքացու պատկանում են հինգ և ավելի ընկերություններ, իսկ որոշ դեպքերում էլ ընկերության տնօրեն ձևակերպված մարդիկ անտեղյակ են դրանից:
2009թ. 2-րդ կիսամյակում անապրանք գործարքների, ինչպես նաև ձևական «կեղծ» մաքսազերծման մեջ կասկածվող 6 տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումներով պարզվել է, որ Գյումրու ՀՏ-ում գրանցված «Գյումրեցի Արամչո», «Կալինա մենեջմենթ», «Մայուշիկ», «Սեմ սովթ», «Արամիկուս», «Սուրբ Մարիամ բարեգործական հիմնադրամ», «Աջիկլլեան» կազմակերպությունները պատկանում են մեկ անձի, բայց որպես դրանցից երեքի տնօրեններ ձևակերպված են բոլորովին այլ մարդիկ: Ընդհանուր առմամբ, նշված կազմակերպությունների մոտ իրականացված ստուգումների արդյունքում, արձանագրվել է պետբյուջե վճարման ենթակա` 588,7 մլն դրամ գումար, և նյութերն ուղարկվել են հետաքննության վարչություն: Նախաքննության շահերից ելնելով նշվեց միայն, որ վերհիշյալ ընկերությունների հիմնադիրը կալանավորված է և նրան մեղադրանք է առաջադրվել այլ անձանց անուններով հիմնադրված ընկերությունների ոչ օրինաչափ գործունեության համար:
ՕՀՎ վարչության պետը վստահեցրեց, որ 2010թ.–ին իրենց աշխատանքների հիմնական ուղղությունը լինելու է անապրանք գործարքներ իրականացնողներին, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների փաստացի տերերի հայտնաբերումը: «Պետք է ասել, որ նման ընկերությոնների քանակությունը շատ չէ, նախորդ տարիների համամետ, ինչը մի կողմից նշանակում է, որ դրանց պահանջարկը նվազել է, իսկ մյուս կողմից էլ` ուժեղացել են հսկողական աշխատանքները : Իհարկե, դրանք երկար չեն կարողանում աշխատել` ամենաշատը մեկ տարի, բայց 2010 թվականի մեր նպատակը այդ չարիքը արմատախիլ անելն է, դրանց իրական տերերին հայտանբերելը», -հայտարարեց Մ. Աղաջանյանը :
ՊԵԿ քննչական վարչության երկրորդ բաժնի պետ Արմեն Ալեքսանյանը ևս անդրադարձավ օրենսդրական խստացումներին : Նա ընդգծեց, որ մասնավորապես կեղծ ձեռնարկատիրության համար, եթե նախկինում նախատեսված էր մինչ երեք տարի ազատազրկում, ապա այժմ նրանց սպառնում է 3-5 տարի : Նույն հոդվածի երրորդ մասով` առանձնապես խոշոր վնասի դեպքում, եթե նախկինում նախատեսվում էր 2-5 տարի ազատազրկում, ապա, այժմ`չորսից ութ տարի: Ա. Ալեքսանյանի խոսքերով` այս խստացումները կանխարգելիչ խթան կարող է հանդիսանալ:
Հետաքննության վարչության և տարածքային հարկային ստորաբաժանումների աշխատակիցների հայտնաբերած ուշագրավ դեպքերը
Մասնավորապես նշենք, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ Սպանդարյանի-1 ՀՏ-ի կողմից ՊԵԿ հետաքննության վարչություն ուղարկված փաստաթղթերի շնորհիվ «Հայաստանի կուրորտներ սոցիալ առողջապահական հիմնադրամ» ՀԿ-ում իրականացված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման արդյունքում ընկերությանն առաջադրվել է 478587.1 հազար դրամի հարկային պարտավորություն, որից հարկի գումարը` 227567.2 հազար դրամ:
Իսկ Արմավիրի ՏՀՏ –ից ստացված տվյալների շնորհիվ էլ բացահայտվել են «ԷՍ ԷՍ ՔՈՄՓՆԻ ՄՈԹՈՐՍ» ՍՊ ընկերության կողմից իրականացված 1238758400 դրամի գործարքները, որոնց վերաբերյալ ՏՀՏ հաշվետվություններ ներկայացվել են, սակայն հարկեր չի վճարվել: Ընկերությունը հիշյալ ժամանակահատվածում ՀՀ-ի տարբեր վայրերից ձեռք է բերել ռուսական արտադրության տարբեր տեսակի բեռնատար մեքենաների ավտոպահեստամասեր և վաճառել: Ուշագրավ են Խոշոր հարկ վճարողների տեսչությունում հաշվառված «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությունում իրականացված բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգման արդյունքները: Ըստ այդմ, ընկերությանն առաջադրվել` 324.525.400 դրամի հարկային պարտավորություն, որից հարկի գումար` 151.394.400 դրամ: Նախապատրաստված նյութերով 16.02.10թ. նշանակվել է դատահաշվապահական փորձաքննություն: Ընկերության կողմից 184.165.000 դրամը վճարվել է, իսկ ակտով արձանագրված գումարի մնացած մասը հաշվանցվել է գերավճարից:
Խոշոր հարկ վճարողների տեսչությունում հաշվառված մեկ այլ`«Հրազդանի Էներգետիկ կազմակերպություն» ԲԲ ընկերությունում նույնպես բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունը, ՀՏ ներկայացված հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, խուսափել է պետբյուջե վճարել` 46884,4 հազ.դրամ պարտադիր սոց.վճար, իսկ նրա հարկային պարտավորությունները կազմել են` 97425,5 հազ.դրամ: