Ջո Բայդենը հայտնել է՝ ինչ պատժամիջոցներ են կիրառելու Ռուսաստանի դեմ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ պայմանավորված Ուկրաինայի շուրջ առկա իրավիճակով։
ԱՄՆ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով, թե ինչ պատժամիջոցներ են պատրաստվում կիրառել Ռուսաստանի դեմ։
ԱՄՆ նախագահը նշել է, որ դրանք լուրջ վնաս կհասցնեն Ռուսաստանի տնտեսությանը, որոնց մի մասի ազդեղությունը անմիջապես կզգացվի, մի մասինը՝ ժամանակի ընթացքում։ «Մենք նպատակաուղղված մշակել ենք այս պատժամիջոցները՝ դրանց ազդեցությունը Ռուսաստանի վրա առավելագույնս երկարաժամկետ դարձնելու և ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների համար նվազագույնի հասցնելու համար»,-ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն այս ամենը միայնակ չի անում։
Ջո Բայդենը նշել է, որ ԵՄ անդամ 27 երկրները, ինչպես նաև G7-ի երկրները միանում են պատժամիջոցներին։
Բայդենը հայտարարել է, որ սահմանափակելու են Ռուսաստանի՝ դոլարով, եվրոյով, ֆունտ ստերլինգով և յենով բիզնես վարելու ու համաշխարհային տնտեսության մաս լինելու հնարավորությունները։ Ռուսական բանակը զրկելու են ֆինանսավորվելու և զարգանալու հնարավորությունից։ Նախատեսվում է նվազեցնել 21-րդ դարի բարձր տեխնոլոգիական տնտեսության պայմաններում Ռուսաստանի մրցակցային հնարավորությունները։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական բանկերի նկատմամբ, որոնք միասին վերցրած տիրապետում են շուրջ 1 տրիլիոն դոլարի ակտիվների։ «Մենք նաև արգելափակում ենք 4 խոշոր բանկ, ինչը նշանակում է, որ նրանց բոլոր ակտիվներն ԱՄՆ-ում սառեցվելու են»,- ասել է Բայդենը։