ՀԱՅ – ՌՈՒՍԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ
Այսօր Երեւանի «Մետրոպոլ» հյուրանոցի նիստերի դահլիճում աշխատանքն է սկսել ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը: Մինչ նիստն սկսվելը, տեղի է ունեցել հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի առանձնազրույցը: Այնուհետեւ համանախագահները մասնակցել են Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ` հոբելյանական լիագումար նիստի բացմանը: Նիստի մասնակիցներին ուղղված իր խոսքում միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, ասել է.
«Հանձնաժողովի առաջին նիստը, որը 1997թ. հուլիսի 1-ին նույնպես տեղի է ունեցել Երեւանում, հանդիսացել է մեր երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության զարգացման նոր փուլի սկիզբը: Հիշարժան այդ իրադարձությունից հետո անցած տարիներն ակնառու կերպով ցույց տվեցին, որ հանձնաժողովն այն արդյունավետ միջոցն է, որի շնորհիվ մենք հնարավորություն ունենք ինչպես լուծելու առկա հարցերն ու խնդիրները, այնպես էլ որոշակիացնելու մեր երկարաժամկետ համագործակցության հեռանկարները, բացահայտելու նոր ուղղություններ:
Այսօր գոհունակությամբ կարելի է արձանագրել, որ Միջկառավարական հանձնաժողովի աշխատանքում ձեւավորվել են կայուն ավանդույթներ, կանոնավոր կերպով տեղի են ունենում համանախագահների հանդիպումները, որոնք կարեւոր դեր են խաղում նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածում հանձնաժողովի աշխատանքի համակարգման գործում:
Համոզված եմ, որ այսօրվա նիստը, որին նախորդել է անցած օրերին կողմերի փորձագետների շահագրգիռ ու համագործակցված աշխատանքը, կդառնա նախորդ տասը տարիներին անցած ճանապարհի տրամաբանական շարունակությունը եւ հնարավորություն կընձեռի առաջ շարժվելու` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծման գործում:
Հանձնաժողովի ներկայիս` տասներորդ նիստը նշանակալից է նաեւ նրանով, որ տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարելիք այցի նախաշեմին, եւ ես հուսով եմ, որ մեր կատարած աշխատանքի արդյունքները դրականորեն կգնահատվեն նաեւ մեր պետությունների ղեկավարների կողմից»:
Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինն իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել ՌԴ պատվիրակությանը ցույց տրված ընդունելության համար, այնուհետեւ ընդգծել.
«Մեր երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը շարունակում է հետեւողականորեն զարգանալ եւ բնական է հուսալ, որ երկկողմ ապրանքաշրջանառությունն այս տարի կարող է հասնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի: Դա սահման չէ, հեռանկարում մենք ավելի հավակնոտ խնդիրներ ենք դնում եւ ուզում եմ ասել, որ մեր տնտեսական հատվածների, ինչպես նաեւ բիզնեսի ներկայացուցիչների փոխգործակցության մեջ էական դերն արդարացիորեն պատկանում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովին:
Մեր հանձնաժողովի կողմից առավել հրատապ ուղղությունների ուսումնասիրության արդյունքներով կարելի է եզրակացնել, որ վերջին շրջանում ծագած հարցերից շատերը` էներգետիկա, տրանսպորտ, հումանիտար հարցեր, հետագա զարգացում են ստացել: Գտնվել են այնպիսի խնդրահարույց հարցերի լուծումները, որոնք դեռ մի քանի տարի առաջ սուր բանավեճեր էին առաջացնում` ռուսական սեփականության օբյեկտների օգտագործումը, տրանսպորտային, տեխնոլոգիաների, էներգետիկայի եւ մի շարք այլ խնդիրներ: Լավ հեռանկարներ են նշմարվել մեր երկրների կենտրոնական բանկերի միջեւ հարաբերությունների զարգացման մեջ:
Կցանկանայի շնորհակալություն հայտնել ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմի փորձագետներին` մեր հանձնաժողովի բեղմնավոր աշխատանքի համար, ինչպես նաեւ բիզնեսի ներկայացուցիչներին, ովքեր մշտապես փոխադարձ կապերի մեջ են եւ օգնում են մեր երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը»:
Այնուհետեւ անցնելով օրակարգի հարցերին, նիստի մասնակիցները քննարկել եւ որոշումներ են ընդունել ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 2007թ. սեպտեմբերի 14-ին կայացած իններորդ նիստի արձանագրության կատարման ընթացքի, երկու կողմերի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների, իրավապայմանագրային բազայի ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների, ՀՀ-ի կողմից պետական պարտքի դիմաց Ռուսաստանի Դաշնությանը փոխանցված ձեռնարկությունների աշխատանքի, վառելիքաէներգետիկ համակարգի, տրանսպորտի, բնապահպանության եւ հումանիտար ոլորտներում համագործակցության մասին:
Մասնավորապես, հանձնաժողովի նախորդ նիստի որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ նշվել է, որ նիստի արձանագրությամբ նախատեսված բոլոր հանձնարարականները հիմնականում կատարվել են, մի մասը գտնվում է իրականացման տարբեր փուլերում: Ի գիտություն է ընդունվել հարցի վերաբերյալ կողմերի պատրաստած տեղեկատվությունը, իսկ չլուծված հարցերը տեղ կգտնեն հանձնաժողովի 10-րդ նիստի Արձանագրության մեջ:
Անդրադառնալով երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների վիճակի ու զարգացման հեռանկարների հարցին, ընդգծվել է, որ ՀՀ էկոնոմիկայի եւ ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունների ներկայացուցիչները զեկույցներ են պատրաստել մինչեւ 2010թ. ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի միջոցառումների պլանի կատարման ընթացքի վերաբերյալ, որի համաձայն զգալի աշխատանք է իրականացվել պլանի կատարման ուղղությամբ: Այն բավական մեծ ընդգրկում ունեցող փաստաթուղթ է: Միաժամանակ, նշվել է, որ արդյունավետության բարձրացման նպատակով, անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողությունը միջոցառումների կատարման ժամկետների նկատմամբ` ուշադրությունը կենտրոնացնելով այն կետերի վրա, որոնց իրականացման ժամկետներն ավարտվում են այս տարի:
Նիստի մասնակիցները դրական են գնահատել նաեւ էներգետիկ, տրանսպորտային, բնապահպանական, հումանիտար եւ այլ բնագավառներում համագործակցության զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները:
Հանձնարարվել է հանձնաժողովի երկու կողմի քարտուղարներին` աշխատանքային կարգով համաձայնեցնել եւ որոշակիացնել համանախագահների հանդիպման եւ 11-րդ նիստի անցկացման ժամկետները:
Նիստի ավարտին Միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքի արդյունքներից. «Մենք բոլորս մեկ անգամ եւս համոզվեցինք, որ հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը մեծ հեռանկարներ եւ հետագա զարգացման ներուժ ունի: Մենք պետք է այն արդյունավետ օգտագործենք եւ շարունակենք նպատակային աշխատանքը` առաջ շարժվելով այդ ուղղությամբ», – ասել է Տիգրան Սարգսյանը:
Նիստի ավարտին Տիգրան Սարգսյանը եւ Իգոր Լեւիտինը ստորագրել են Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի Արձանագրությունը: