ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՈՒՄՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԼԻԱՐԺԵՔ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ
Ինչու է բեռնատարն այսքան ժամանակ կանգնած մաքսակետում, որն է մաքսային ձևակերպման ձգձգման պատճառը. Պետական եկամուտների կոմիտեի նախագահը ցանկացած պահի կարող է պարզաբանում պահանջել տարածքային մաքսային մարմինների ղեկավարներից` նմանօրինակ հարցեր ուղղելով առանց աշխատասենյակից դուրս գալու:
Անընդմեջ վերահսկողություն հենց կենտրոնից. բոլոր մաքսակետերի, մաքսատների և մաքսային պահեստների շարժին կոմիտեի ղեկավարությունը հետևում է` աշխատասենյակում տեղադրված հատուկ մոնիթորների միջոցով: Հատուկ այդ նպատակով տարածքային մարմիններում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանն առաջին հերթին ընդգծում է այն հանգամանքը, որ նման համակարգի ներդրմամբ, փաստորեն, ավելի արդյունավետ է կազմակերպվում ամբողջ գործընթացը` մաքսային ձևակերպումներից մինչև մաքսազերծում` զուգահեռ ապահովելով լիարժեք վերահսկողություն:
«Բոլոր մաքսային տարածքների շարժը ցուցադրող մոնիթորներ տեղադրված են Կոմիտեի նախագահի, առաջին տեղակալի և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների աշխատասենյակներում: Այսպիսով, մենք հնարավորություն ունենք մշտապես շատ արագ արձագանքել բոլոր բացթողումներին, ձգձգումներին և կուտակումներին: Օրինակ, եթե համապատասխան ստորաբաժանման ղեկավարը մոնիթորով տեսնում է, որ, ասենք, «Ապավեն» մաքսային պահեստում կուտակումներ են առաջացել, և աշխատակիցները չեն հասցնում ձևակերպումներ և զննում կատարել, ապա արագ կապ է հաստատում Մեղրիի մաքսակետի պետի հետ և հանձնարարում փոխադրման ամփոփագրեր կազմել այն պահեստի վերաբերյալ, որտեղ կուտակումներն ավելի քիչ են: Այդպիսով, մենք կարողանում ենք անմիջապես կենտրոնից կազմակերպել ու կարգավորել ամբողջ գործընթացը»:
Արթուր Աֆրիկյանը տեղեկացնում է, որ մոնիթորներ տեղադրելուց հետո իրենք նկատել են, որ և’ մաքսային ծառայողները, և’ ներմուծողները ավելի զգոն և ուշադիր են: Յուրաքանչյուր մաքսավոր գիտի` այսուհետ իր բոլոր գործողություններին Կոմիտեում տեղեկանում են նույն վայրկյանին. մոնիթորներն ակնհայտ են դարձնում, թե ում մեղքով առաջացան կուտակումներ, ինչու տնտեսվարող սուբյեկտը դժգոհեց մատուցվող ծառայությունից, և, վերջապես, որ աշխատակիցն ինչ չարաշահում թույլ տվեց: Այսինքն` այսպիսի մեխանիզմի ներդրումը, միանշանակ, զսպող նշանակություն կունենա ցանկացած տարածքում գտնվող մաքսավորի համար և կստիպի պարտավորությունները կատարել լիարժեք ու անթերի:
«Եթե համապատասխան ծառայության ղեկավարը տեսնում է, որ քաղաքացին բավականին երկար ժամանակ է գտնվում, ասենք, Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը, ապա նա պատասխան է պահանջում պատասխանատու ստորաբաժանման ղեկավարից. պետք է անմիջապես զեկուցվեն ձևակերպումների ձգձգման պատճառները: Նույնը կարող է լինել նաև զննման գործընթացի ժամանակ: Մոնիթորով մենք հստակ տեսնում ենք, արդյոք զննումը սահմանված կարգին համապատասխան է կատարվում: Անմիջապես արձագանքում ենք բոլոր թերացումներին, երբ նկատում ենք, որ ընտրված «Կարմիր ուղու» դեպքում լիարժեք զննում չի կատարվում, այլ ուղղակի բացվում-փակվում են բեռնատարների դռները: Եվ հակառակը, եթե ձևակերպումների համար ընտրվել է «Կանաչ ուղի», բայց մաքսավորն առանց համապատասխան արձանագրության սկսել է զննել բեռը, ապա տվյալ ստորաբաժանման ղեկավարը շտապ ճշտում է, թե ինչ հիմքով է դա արվում: Այսինքն` ամեն ինչ մեր տեսադաշտում է»:
Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ Արամ Քոչարյանի դիտարկմամբ, այս համակարգի ներդրումը լրացուցիչ հսկողության մեխանիզմ է:
«Տեսուչն ամեն վայրկյան գիտակցում է, որ իր բոլոր գործողություններին կենտրոնական ապարատում հետևում են: Այդ հանգամանքը, բնականաբար, ստիպում է ավելի պարտաճանաչ մոտենալ գործին, նույնը նաև հայտարարատուների դեպքում է: Ի դեպ, տեսախցիկների տեղադրումից հետո մաքսատանը որևէ կուտակում չի եղել»:
Այդ ամենից բացի կա նաև այլ առավելություն, որ նշել է Ա. Աֆրիկյանը.
«Բոլոր նկարահանումները պահվում են արխիվում: Բողոքի դեպքում կարող ենք ցանկացած պահի ցանկացած դրվագ կրկին նայել, մանրամասն ուսումնասիրել ամբողջ գործընթացը և տեսնել իրական պատկերը: Ոչ մի հարց անպատասխան չի մնում»:
Վերահոսկողական այս մեխանիզմի ներդրմամբ վերջնակետին է հասցվում մաքսային համակարգի բարեփոխումների մի մեծ և կարևոր փուլ: Ապրիլ ամսից սկիզբ առած այս փուլի բարեփոխումների ողջ շղթան այսպիսով ամբողջանում է` ստեղծել սպասարկման ժամանակակից պայմաններ-կիրառել նոր գործելաոճ- հսկել:
Այսպես, սկզբնական փուլում Կոմիտեի ղեկավարությունը շեշտը դրեց գործունեության հրապարակայնության և թափանցիկության վրա, ստեղծվեց «Թեժ գիծ», տնտեսվարողները նաև ունեն մասնագետների մոտ խորհրդատվություն ստանալու հնարավորություն:
Զուգահեռ իրագործվեց էական մյուս կետը` տարածքային մարմինների պայմանների բարելավում, տեխնիկական վերազինում` այդպիսով ձգտելով էլ ավելի բարձրացնել սպասարկման որակը և այն հասցնել պատշաճ մակարդակի:
Եվ այս ամենն ամբողջացնելու է գալիս հսկողությունը, ինչն ի սպառ կբացառի թերացումները: Կոմիտեի նախագահի ուշադրության կենտրոնից ոչ մի բացթողում ու չարաշահում դուրս չի մնա:
Ի դեպ, Պետական եկամուտների կոմիտեն հերթական քայլն է կատարել նաև ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ: Էապես կրճատվել է փաստաթղթաշրջանառության համար պահանջվող ժամանակը. Կոմիտեից ուղարկվող փոստն արդեն տարածքային մարմիններ է հասնում ոչ թե ավանդական տարբերակով, այլ էլեկտրոնային կապուղիներով: Այդ հնարավորությունն ընձեռում է հայտնի «TWM» համակարգչային ծրագիրը: Այս կետը ևս ներառված էր համակարգի բարեփոխումների փաթեթում: