ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ՓԱՐԻԶԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Երեկ` հոկտեմբերի 25-ին, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն երկու քաղաքների միջև բարեկամության և համագործակցության համաձայնագիր են ստորագրել։
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն իր ելույթում նշել է, որ երևանյան հանդիպումները կայանում են ընտանեկան մթնոլորտում, առավել ևս, երբ այդ ընտանիքն առավել մեծացել է Ֆրանկոֆոնիայի 31-րդ համաժողովի մասնակիցների ներկայությամբ։
Անդրադառնալով ստորագրված համաձայնագրին` Փարիզի քաղաքապետը նշել է, որ փաստաթուղթը ներառում է երկու քաղաքների միջև համագործակցության հետաքրքիր եզրեր. «Բարձր հիմքերի վրա դրված մշակութային ոլորտում մեր համագործակցությունից զատ՝ նախատեսում ենք իրականացնել լուրջ տնտեսական ծրագրեր։ Ամենատարբեր ոլորտներում փորձի փոխանակման միջոցով համատեղ կկատարելագործենք քաղաքային տնտեսության կառավարման համակարգը»,- ասել է Բերտրան Դելանոեն։
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում ընդգծել է, որ ինչպես հայ-ֆրանսիական, այնպես էլ երկու երկրների մայրաքաղաքների միջև հարաբերություններն այսօր ամենաբարձր մակարդակի վրա են գտնվում.«Ստորագրված փաստաթուղթը նոր որակ է հաղորդում մեր համագործակցությանը, և ես վստահ եմ, որ այս հանդիպումից հետո մեր բարեկամական կապերն էլ ավելի կամրապնդվեն»,- նշել է Կարեն Կարապետյանն` ավելացնելով, որ գործակցային նման մակարդակը լավ օրինակ կարող է լինել նաև Ֆրանկոֆոն այլ քաղաքների հետ հարաբերություններում։
Մեկ անգամ ևս ողջունելով հանդիպմանը ներկա Ֆրանկոֆոն քաղաքների միջազգային ասոցիացիայի անդամներին՝ Երևանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ երևանյան վեհաժողովը կանցնի գործնական և արդյունավետ մթնոլորտում, և ֆրանկոֆոն քաղաքների միջև գործակցության նոր հեռանկարներ կբացվեն։