ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ
Այսօր` դեկտեմբերի 29-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական և 2011թ. վերջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում և 2012թ. հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակի չափը 10 հազար 500 դրամի փոխարեն սահմանել 13 հազար դրամ (աճը` շուրջ 24 տոկոս)։
Դրա շնորհիվ աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 28 հազար 700 դրամի փոխարեն կկազմի շուրջ 31 հազար 300 դրամ (աճը` շուրջ 9 տոկոս), սոցիալական կենսաթոշակի միջին չափը 13 հազար 200 դրամի փոխարեն` շուրջ 16 հազար 500 դրամ (աճը` շուրջ 20 տոկոս), շարքային կազմի զինծառայողներին տրվող հաշմանդամության կենսաթոշակի միջին չափը 17 հազար 800 դրամի փոխարեն` շուրջ 20 հազար 900 դրամ (աճը` շուրջ 22 տոկոս), շարքային կազմի զինծառայողների ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակի միջին չափը 15 հազար 800 դրամի փոխարեն` շուրջ 19 հազար 500 դրամ (աճը` շուրջ 25 տոկոս)։