
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ԿՐԿԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԽՆԴՐՈՒՄ
Իրենց ֆինանսական դժվարությունները հաղթահարելու նպատակով եվրոպական բանկերն օգնության խնդրանքով կրկին կդիմեն Եվրոպական կենտրոնական բանկին (ԵԿԲ): Ինչպես գրում է The Financial Times-ը` Եվրագոտու բանկերը մտադիր են խնդրել ԵԿԲ-ին կրկնապատկել իրենց տրամադրվող ֆինանանսական օգնության ծավալները: Հատկանշական է, որ եթե ԵԿԲ-ն այս հարցի շուրջ համաձայնության գա եվրոպական բանկերի հետ և որոշի ընդլայնել ֆինանսական օգնության ծավալն, ապա արդեն 2012 թվականի փետրվար ամսվա արդյունքներով եվրոպական ֆինանսաբանկային կառույցներին տրամադրված օգնության ծավալը կարող է կազմել շուրջ մեկ տրիլիոն եվրո:
Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբեր ամսին Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) մեկնարկել էր եվրոպական բանկերի փրկության ծրագիր: Այս ծրագրի շրջանակներում ԵԿԲ-ն մտադիր էր աջակցել բանկերին` տրամադրելով ցածր տոկոսադրույքով վարկեր: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` ԵԿԲ-ն եվրոպական 523 բանկերի արդեն տրամադրել է 489 մլրդ եվրո արտոնյալ վարկ` տարեկան 1% տոկոսադրույքով: