ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԴՈՆՈՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Հանդիպմանը ներկա են եղել ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեան, Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար դեսպան Ժան Քրիստոֆ Գերանդը, Հայաստանում ԵՄ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն, Հայաստանում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ԵԱՀԿ-ի, ՎԶԵԲ-ի, ՄԱԿ-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը և դրա իրականացման հետագա քայլերը: Նա ներկաներին տեղեկացրել է նաև, որ ռազմավարությամբ նախանշված արտահանման տեսանկյունից հեռանկարային 11 ոլորտներից 3 ոլորտների` ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և կոնյակագործության համար արդեն իսկ մշակվել են ոլորտային ռազմավարություններ: Աշխատանքներ են տարվում մյուս 8 ոլորտների ռազմավարությունների և դրանց իրականացումն ապահովող միջոցառումների մշակման ուղղությամբ:
Մասնակիցների կողմից կարևորվել է նման ձևաչափով քննարկումների կազմակերպումը, որը հնարավորություն կստեղծի ռազմավարության առավել համակարգված և արդյունավետ իրականացմանը: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ դոնոր կազմակերպությունների կողմից կներկայացվեն առաջարկություններ ռազմավարության իրականացման հնարավոր աջակցության վերաբերյալ, որոնք կքննարկվեն ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայանալիք դոնոր կազմակերպությունների հետ հաջորդ հանդիպմանը: