ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀՀ ՄԺԾԾ-Ի ՆԱԽԱԳԻԾԸ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը։ ՀՀ Կառավարության Մամուլի ծառայության փոխանցմամբ` նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետության 2013-2015 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումները:
Նշվել է, որ ՀՀ վարչապետի` 2011թ. դեկտեմբերի 21-ի N 1240-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցին համապատասխան` նախարարությունները և գերատեսչությունները ներկայացրել են ոլորտային 2013-2015թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծերը:
Ամփոփելով քննարկումը` կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատու մարմինների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի շրջանակում երկու օրվա ընթացքում քննարկել ՄԺԾԾ մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսման մեթոդաբանությունը և արդյունքները ներկայացնել վարչապետին: