ՎՃԱՐՎԵԼ Է ՇՈՒՐՋ 76 ՄԼՆ ԴՐԱՄԻ ԱՎԵԼ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ
Այսօր՝ մարտի 22-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստի շրջանակներում կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության այն տեղեկատվությունը, ըստ որի՝ հայտնաբերվել են դեպքեր, երբ անձն աշխատանքային կենսաթոշակ է ստացել սոցիալական ապահովության պետական ծառայությունից և զինվորական կենսաթոշակ` պաշտպանության նախարարությունից, ոստիկանությունից, ազգային անվտանգության ծառայությունից կամ գլխավոր դատախազությունից` չունենալով երկու կենսաթոշակ ստանալու իրավունք։ Արդյունքում, ավել է վճարվել շուրջ 76 մլն դրամ։
Ըստ ներկայացված տվյալների՝ օրենքով սահմանված կարգով արդեն դադարեցվել է 68 անձի աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունքը, ձեռնարկվել են ավել վճարված կենսաթոշակի գումարները հետ գանձելու միջոցներ։
Այս կապակցությամբ նախարարությունը քաղաքացիներից ստանում է բազմաթիվ դիմումներ, որոնց հեղինակների պնդմամբ իրենք այդ գումարը ոչ թե կենսաթոշակ, այլ նպատակային գումար են համարել։ Ընդունված որոշմամբ՝ դադարեցվում է կենսաթոշակից պահում կատարելը։