
ՏՄՊՊՀ ՆԻՍՏ – ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԵՑ ԳՆԵԼ «ՆԱՏՖՈՒԴ»-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ 28.3%-Ը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ «Նատֆուդ» ընկերության ներկայացրած դիմումի մասին հարցը, ինչպես նաեւ մանկական սննդի եւ ձկնատեսակների ոլորտների մի քանի շուկաների ուսումնասիրությունների արդյունքները:
Համակենտրոնացումը թույլատրվեց
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ «Նատֆուդ» ընկերությունը դիմել են Հանձնաժողով, հայտնելով, որ ՎԶԵԲ-ը
պատրաստվում է գնել «Նատֆուդի» նոր թողարկած բաժնետոմսեր, որոնք կազմելու են ընկերության կանոնադրական կապիտալի 28.3 տոկոսը: Ներկայացվել է նաեւ համակենտրոնացման հայտարարագիր: Հարուցված վարչական վարույթի արդյունքում ի հայտ չեն եկել համակենտրոնացումն արգելելու վերաբերյալ հանգամանքներ: Նորաստեղծ «Նատֆուդ» ընկերությունն զբաղվում է մսամթերքի արտադրությամբ, իսկ ՎԶԵԲ-ը` ներդրումային եւ վարկային գործունեությամբ: Կատարվելիք ներդրումները նպատակաուղղվելու են նոր սարքավորումների ձեռքբերմանը եւ նոր տեխնոլոգիաների ներդրմանը: Հաշվի առնելով վերոհիշյալը, Հանձնաժողովն այսօր համարեց, որ տվյալ գործարքը չի սահմանափակում մրցակցությունը եւ թույլատրեց գործարքի իրականացումը (Համակենտրոնացումների խնդիրը կարգավորվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ եւ 10-րդ հոդվածներով):
Ձկնատեսակներ
Հանձնաժողովը ձկան շրջանառության ոլորտում առանձնացրել է երկու շուկա` «իշխան եւ կարմրախայտ» եւ «թառափազգիներ»: Շուկայի կառուցվածքն ուսումնասիրվել է նաեւ 2006 թվականին, որի արդյունքներով «Ակվատեխավտոմատիկա» ընկերությունը «իշխան եւ կարմրախայտ» շուկայում համարվել է գերիշխող դիրք ունեցող: Այս անգամ շուկաների ուսումնասիրությունն իրականացվել է 2007 թվականի տվյալների հիման վրա: Տեղեկատվություն է պահանջվել տվյալ ձկնատեսակներն իրացնող եւ արտահանող 224 տնտեսվարող սուբյեկտից:
Ըստ «իշխան եւ կարմրախայտ» ապրանքային շուկայում գործող 74 տնտեսվարող սուբյեկտների կողմից Հանձնաժողով ներկայացված տեղեկատվության, 2007 թ. Հայաստանում իրացվել է 640826 կգ իշխան եւ կարմրախայտ ձկնատեսակներ եւ արտահանվել` 53942 կգ:
Շուկայում իրացման ծավալներով առաջատարը «Ակվատեխավտոմատիկա» ընկերությունն է (18,98%), նրան հաջորդում է «Ա. Հովհաննիսյան» ընկերությունը (16,93%) եւ երրորդը` «Սպիտակ դելֆին» ընկերությունն է (9,59%), շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտ չկա («Ակվատեխավտոմատիկան» կորցրել է իր գերիշխող դիրքը եւ հանվեց գերիշխողների գրանցամատյանից):
2007 թ. կենդանի (թարմ) թառափազգի ձկնատեսակներ չեն ներկրվել Հայաստան եւ բնակչության պահանջարկն ամբողջությամբ բավարարվել է տեղական արտադրության (ձկնաբուծության) հաշվին: Թառափազգիների շուկայում ընդգրկված են թառափ, բելուգա, սեւրյուգա (զութխի), ստերլետ (չուքա), շիպ (թառափազգի մեծ ձուկ), կալուգա, բեստեր եւ այլ ձկնատեսակների ամբողջությունը:
Ըստ շուկայում գործող 18 տնտեսվարողների կողմից Հանձնաժողով ներկայացված տեղեկատվության` 2007 թ. ընթացքում Հայաստանում իրացվել է 148383 կգ թառափազգի, արտահանվել է 4060 կգ: Շուկայում ամենամեծ իրացման ծավալներն ունեն «Ա. Հովհաննիսյան»` 38,77%, «Արթուր Տաթեւիկ»` 33,36%, «Ձկների աշխարհ» 9,64% ընկերությունները:
«Ա. Հովհաննիսյան» եւ «Արթուր Տաթեւիկ» ընկերությունները համարվեցին գերիշխող դիրք ունեցող եւ գրանցվեցին գերիշխողների գրանցամատյանում:
Մանկական սնունդ
Մանկական սննդի ոլորտի շուկաներն ուսումնասիրելիս Հանձնաժողովն առանձնացրել է 4 ապրանքային շուկա: Շուկաների ուսումնասիրություններն իրականացվել են 2007 թվականի եւ 2008 թ. առաջին կիսամյակի տվյալների հիման վրա:
«Մայրական կաթին փոխարինող կերերի» շուկայում գործող 7 տնտեսվարողների կողմից Հանձնաժողով ներկայացված տեղեկատվության համաձայն, 2007 թ. Հայաստան է ներկրվել 190 070 կգ մայրական կաթին փոխարինող կեր եւ իրացվել` 192 022,3 կգ:
Շուկայում իրացման առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսվարող սուբյեկտներն են` «Սալեքս Գրուփը»` 32,46 տոկոս, «Հայր եւ որդի Երիցյանները»` 27,4 տոկոս եւ «Սլավ Ֆուդ Ինտերնեյշնլը»` 21,63 տոկոս բաժիններով: Առաջին երկուսը գրավում են շուկայի 59,86 տոկոսը` շուկայի կեսից ավելին:
2008 թ. առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 172 555,4 կգ մայրական կաթին փոխարինող կեր եւ իրացվել` 152 433,4 կգ: Իրացման առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսվարող սուբյեկտներն են` «Հայր եւ որդի Երիցյանները»` 34,49 տոկոս, «Ալեքս Գրիգը»` 25,35 տոկոս եւ «Սալեքս Գրուփը»` 24,29 տոկոս բաժիններով:
Հանձնաժողովն այսօր, 2008-ի առաջին կիսամյակի գործունեության տվյալների համաձայն, «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերությանը համարեց որպես շուկայում գերիշխող դիրք ունեցող եւ գրանցեց գերիշխողների գրամցամատյանում:
«Մանկական հյութերի» շուկայում գործող 3 տնտեսվարողների կողմից Հանձնաժողով ներկայացված տեղեկատվության համաձայն, 2007 թ. Հայաստան է ներկրվել 9 360,1 կգ մանկական հյութ եւ իրացվել` 8 770,7 կգ: 2007 թ. տվյալներով, շուկայում իրացման առավել մեծ ծավալներ ունի «Սալեքս Գրուփը»` 55,5 տոկոս: Հաջորդում են «Սլավ Ֆուդ Ինտերնեյշնլը»` 44,27 տոկոս եւ «Սլավէքսը»` 0,22 տոկոս բաժիններով: Իրացման առավել մեծ ծավալներ ունեցող երկու տնտեսվարողները միասին գրավում են շուկայի 99,78 տոկոսը: Համաձայն 3 տնտեսվարողների կողմից ներկայացված տեղեկատվության, 2008 թ. առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 3 543,5 կգ մանկական հյութ եւ իրացվել` 3 643,5 կգ:
2008 թ. առաջին կիսամյակի տվյալներով, իրացման առավել մեծ ծավալներ ունի «Սալեքս Գրուփը»` 60,6 տոկոս: Հաջորդում են «Ալեքս Գրիգը»` 36,6 տոկոս եւ «Սլավ Ֆուդ Ինտերնեյշնլը»` 2,7 տոկոս բաժիններով:
Հանձնաժողովն այսօր «Սալեքս Գրուփ» եւ «Ալեքս Գրիգ» ընկերություններից յուրաքանչյուրին «Մանկական հյութեր» ապրանքային շուկայում համարեց որպես գերիշխող դիրք ունեցող եւ գրանցեց գերիշխողների գրանցամատյանում:
«Մանկական շիլաների» շուկայում գործող 6 տնտեսվարողների կողմից Հանձնաժողով ներկայացված տեղեկատվության համաձայն, 2007 թ. Հայաստան է ներկրվել 71 398,2 կգ մանկական շիլա եւ իրացվել` 62 754 կգ: Իրացման առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսվարողներն են` «Սլավէքսը»` 43,71 տոկոս, «Սլավ Ֆուդ Ինտերնեյշնլը»` 29,81 տոկոս եւ «Կոնսոն»` 9,16 տոկոս բաժիններով: Առաջին երկուսը միասին գրավում են շուկայի 73,53 տոկոսը: 2008-ի առաջին կիսամյակում շուկայում գործել է 7 տնտեսվարող: Համաձայն նրանց ներկայացրած տեղեկատվության, 2008 թ. առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 34 419,6 կգ մանկական շիլա եւ իրացվել` 39 053,4 կգ: Իրացման առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսվարողներն են` «Սլավէքսը»` 33,61 տոկոս, «Հայր եւ որդի Երիցյանները»` 26,98 տոկոս եւ «Սլավ Ֆուդ Ինտերնեյշնլը»` 20,43 տոկոս բաժիններով: Հանձնաժողովն այսօր «Սլավէքս» ընկերությանը համարեց որպես շուկայում գերիշխող դիրք ունեցող եւ գրանցեց գերիշխողների կենտրոնացված գրանցամատյանում (ռեեստրում):
«Մանկական խյուսերի (պյուրեների)» շուկայում գործող 3 տնտեսվարողների կողմից Հանձնաժողով ներկայացված տեղեկատվության համաձայն, 2007 թ. Հայաստան է ներկրվել 17 941,9 կգ մանկական խյուս եւ իրացվել` 17 507,6 կգ: Շուկայում 2007 թ. տվյալներով, իրացման առավել մեծ ծավալներ ունի «Սալեքս Գրուփը»` 80,32 տոկոս: Հաջորդում են «Սլավ Ֆուդ Ինտերնեյշնլը»` 19,35 տոկոս եւ «Սլավէքսը»` 0,34 տոկոս բաժիններով: 2008 թ. առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 19 456,4 կգ մանկական խյուս եւ իրացվել` 17 770,3 կգ: Իրացման առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսվարող սուբյեկտներն են` «Ալեքս Գրիգը»` 68,35 տոկոս, «Սալեքս Գրուփը»` 27,88 տոկոս եւ «Ինտերմիլկ» ՀՁ-ն` 2,01 տոկոս բաժիններով: Հանձնաժողովն այսօր «Ալեքս Գրիգ» ընկերությանը համարեց որպես շուկայում գերիշխող դիրք ունեցող եւ գրանցեց գերիշխողների գրանցամատյանում: