ՎԱՐՉԱՊԵՏ. «ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԳՏՆԵԼ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ»
Նկատի առնելով այն հանգամանքը, որ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի նախկին մշակույթի տան նախասրահում գտնվող Մինաս Ավետիսյանի որմնանկարի անխաթարությունն ապահովելու նպատակով հրատապ անհրաժեշտություն է առաջացել կատարել ամրակայման և վերականգնման աշխատանքներ՝ ՀՀ կառավարությունը որոշել է այդ նպատակով ծախսվելիք մոտ 9 մլն դրամ գումարը տրամադրել թանգարանների պահպանման ծախսերի վերաբաշխման հաշվին` ս.թ. չորրորդ եռամսյակում այն վերականգնելու պայմանով։
«Անհրաժեշտ է շիրակցիներին տեղյակ պահել, որ որմնանկարը մնալու է հենց մշակույթի տանը, որովհետև կրկին լուրեր են պտտվում, թե իբր գումարը հատկացվում է, որպեսզի որմնանկարը տեղափոխվի, – ասել է Տիգրան Սարգսյանը։ – Մեր քաղաքացիներին հավաստիացնում ենք, որ այս հատկացումները կատարում ենք մշակույթի տունը կարգի բերելու նպատակով, և որմնանկարն էլ մնալու է հենց այնտեղ»:
Վարչապետը վստահություն է հայտնել, որ մնացած որմնանկարները վերականգնելու համար գյումրեցիները կգտնեն հովանավորներ. «Գյումրիում հյուրանոցային շինարարությունը մեծ թափով զարգանում է, և խնդիր չի լինի գտնել հովանավորների, ովքեր 10-20 մլն կհատկացնեն որմնանկարները փրկելու համար», – ընդգծել է վարչապետը: