ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ 113 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ Է
Հունվար-մարտ ամիսներին մեր հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 113.7 հազար դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այն աճել է 5.0%-ով:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին միայն պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշն աճել է 4.8%-ով և կազմել 91.7 հազար դրամ, իսկ ոչ պետական հատվածում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 5.2% աճ (140.2 հազար դրամ):
Նշենք, որ հունվար-մարտին Հայաստանում տարեկան գնաճը կազմել է 3.3%, ինչը վկայում է, որ այս տարվա առաջին երեք ամիսներին մեր երկրում նկատվել է իրական աշխատավարձի աճ:
2011 թվականի արդյունքներով ՀՀ-ում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի բարձրացում, ինչը սակայն, տարեկան գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշով պայմանավորված, աշխատավարձի «իրական» աճ չէր ապահովել:
Նախորդ տարի միջին ամսական անվանական աշխատավարձը մեր հանրապետությունում կազմել էր 115.2 հազար դրամ: