BENETTON-Ը ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ
Իտալական հայտնի Benetton ընկերության հիմնադիր Լուչիանո Բենեթոնը հայտարարել է ընկեության ղեկավարի պաշտոնից հեռանալու իր մտադրության մասին: Այս պաշտոնում նրան կփոխարինի որդին՝ Ալեսանդրո Բենեթոնը:
Նշենք, որ Լուչիանո Բենեթոնն իր ընկերությունը ղեկավարում է արդեն 47 տարի:
Իտալական Benetton Group ընկերությունը ներկայացնում է հագուստի արտադրությամբ և վաճառքով զբաղվող եվրոպական խոշորագույն ցանցերից մեկը:
Ընկերության հրապարակած վերջին ֆինանսական հաշվետվության համաձայն՝ 2011 թվականի առաջին ինն ամիսների արդյունքում ընկերության վաճառքի ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, կրճտավել էին շուրջ 0,5%-ով և կազմել 1,48 մլրդ եվրո:
Հատկանշական է, որ ի տարբերություն զարգացած շուկաների, որտեղ գրանցվել էր Benetton-ի վաճառքի ծավալների անկում` զարգացող շուկաներն ապահովել էին աճ:
Benetton-ը ներկայացված է աշխարհի շուրջ 120 երկրներում՝ իր 6.5 հազար խանութներով: