ՖՐԱՆՍԻԱՆ ԱՆՑՆՈՒՄ Է «ԽՆԱՅՈՂ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ
Պետական ծախսերի տնտեսման նպատակով Ֆրանսիայի ղեկավարությունը մտադիր է հինգ տարի ժամկետով սառեցնել երկրի խորհրդարանի ստորին պալատի ծախսերը: Ինչպես հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ ծախսերի տնտեսման ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև կրճատել պատգամավորներին հատկացվող գումարները: Նշենք, որ այժմ ֆրանսիացի պատգամավորը ամսական ստանում է 5,2 հազար եվրո աշխատավարձ՝ դրան գումարած նաև պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ծածկման նպատակով տրամադրվող 6.4 հազար եվրո:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիս ամսին Ֆրանսիայի սոցիալիստական կառավարությունն, անցնելով աշխատանքի, իրականացրել էր կառավարության անդամների աշխատավարձերի կրճատում: Արդյունքում, երկրի նախարարների աշխատավարձն ամսական 14.2 հազար եվրոյից կրճատվել էր մինչև 10 հազար եվրո: Վարչապետի աշխատավարձն ամսական 21.3 հազար եվրոյից կրճատվել էր մինչև 15 հազար եվրո: