ՀՀ իշխանությունները բանակցային գործընթացը գիտակցաբար տանում են մի հարթակ, որտեղ Բաքվի և Անկարայի ազդեցությունն անհամեմատ մեծ է
Միայն 2023թ.-ին Ադրբեջանը ԵՄ-ին մատակարարած նավթի և գազի դիմաց ստացել է 18,6 մլրդ եվրո (շուրջ 20 մլրդ դոլար), ինչը զուտ ֆինանսական տեսանկյունից հսկայական ցուցանիշ է։ Օրինակ՝ այն ավելի քան 5 անգամ գերազանցում է 2024թ. Ադրբեջանի ռազմական բյուջեն՝ շուրջ 3,8 մլրդ դոլար, կամ 14 անգամ ավելի է 2024թ. ՀՀ ռազմական բյուջեից՝ շուրջ 1,4 մլրդ դոլար։ Միայն այս ցուցանիշը բավական է՝ հասկանալու համար ԵՄ դերակատարությունը Ադրբեջանի սպառազինման և ագրեսիվ քաղաքականության հարցում։ Միաժամանակ, ԵՄ ընդհանուր կախվածությունը Թուրքիայից և Ադրբեջանից էներգակիրների ձեռքբերման և տարանցման հարցում վերջինիս դնում են Անկարայից և Բաքվից զգալի կախվածության մեջ, ինչը, անշուշտ, չի կարող անտեսվել ԵՄ քաղաքական գործիչների կողմից որոշումների կայացման ժամանակ։
2023-ին Ադրբեջանը կարևոր դիրք է զբաղեցրել ոչ միայն ԵՄ բնական գազի շուկայում, այլև դարձել է նավթի ԵՄ 10 ամենախոշոր մատակարարներից մեկը՝ գրեթե հավասարվելով ՌԴ ցուցանիշներին։ Ընդհանուր առմամբ, ըստ ադրբեջանական «Ինտերֆաքս» գործակալության, որն իր հաշվարկներն ամփոփել է՝ հիմնվելով Եվրոստատի վիճակագրության վրա, 2023-ին Ադրբեջանը դեպի ԵՄ արտահանել է շուրջ 20,3 մլն տոննա նավթ, ինչը 2,6%-ով ավելի է 2022թ. նույն ժամանակաշրջանի համեմատ։
ԵՄ բնական գազի ներմուծման ցուցանիշների ուսումնասիրությունը հատկապես հետաքրքիր է իր աշխարհաքաղաքական համատեքստով։ Մասնավորապես, եթե 2021-ին ԵՄ-ն Ռուսաստանից ներմուծել է 156,8 մլրդ խ/մ գազ կամ ներմուծման՝ 43,4%-ը, ապա 2023-ին ՌԴ-ն ապահովել է ԵՄ ներմուծման ընդամենը շուրջ 16%-ը՝ 51,3 մլրդ խ/մ։ Եթե 2021-ին դժվար էր Ադրբեջանին համարել ԵՄ գազի շուկայում Ռուսաստանի համար լուրջ մրցակից, քանի որ ծավալների տարբերությունը հսկայական էր՝ Ռուսաստանը շուրջ 18 անգամ ավելի շատ գազ էր վաճառում ԵՄ-ին, ապա 2023-ին այդ տարբերությունը դարձել է ընդամենը 4 անգամ։ Իհարկե, պետք է ընդգծել, որ Ադրբեջանը սեփական գազի արտահանումը դեպի ԵՄ ապահովելու համար ներքին սպառման նպատակով ինքն է ՌԴ-ից գազ ներմուծում։ Ինչևէ, եթե հաշվի առնենք նոր հանքավայրերի շահագործման, Միջին Ասիայից գազի տրանզիտի ուղղությամբ Ադրբեջանի կողմից տարվող աշխատանքներն ու միջնաժամկետ ծրագրերը, կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանի դիրքերը ԵՄ բնական գազի շուկայում առաջիկայում առավել ամրապնդվելու ներուժ ունեն։
Մյուս կողմից, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում Թուրքիայի ազդեցության շեշտակի աճի համատեքստում ավելի նպատակահարմար է ԵՄ գազի շուկայում ադրբեջանական գործոնը դիտարկել ոչ թե առանձին, այլ թուրք-ադրբեջանական գործոնը համատեղ։ 2023թ. տվյալներով Թուրքիայի տարածքով է ներմուծվում ոչ եվրոպական աղբյուրներից ԵՄ մատակարարվող գազի շուրջ 12%-ը։ ՌԴ և ԵՄ միջև գազային հանգույց դառնալու՝ Անկարայի նկրտումները, մյուս կողմից՝ միջինասիական գազը սեփական տարածքով դեպի Եվրոպա հասցնելու ուղղությամբ ջանքերը կարող են առաջիկա տարիներին զգալիորեն մեծացնել թուրք-ադրբեջանական գործոնի կարևորությունը ԵՄ բնական գազի շուկայում։
Ինչպես բնական գազի, այնպես էլ նավթի պարագայում ԵՄ-ում ադրբեջանական նավթի գործոնը պետք է դիտարկել ոչ թե առանձին, այլ Թուրքիայի գործոնի հետ համատեղ։ Թուրքիան կարևոր դերակատար է ոչ միայն ադրբեջանական և Կենտրոնական Ասիայից եկող նավթը դեպի ԵՄ մատակարարման հարցում, այլև վերջինիս տարածքով է իրականացվում Իրաքից (Քուրդիստան) նավթի տարանցումը դեպի ԵՄ։ Ընդհանուր առմամբ, ադրբեջանական ռեսուրսները, Թուրքիայի տարանցիկ նշանակությունը Կենտրոնական Ասիայից և Մերձավոր Արևելքից դեպի ԵՄ էներգակիրների մատակարարման հարցում, ԵՄ էներգետիկ շուկայում թուրք-ադրբեջանական գործոնը դարձնում են շատ ծանրակշիռ, ինչը, անշուշտ, իր ազդեցությունն է թողնում ԵՄ քաղաքականությունների վրա։
Հայաստանի իշխանությունները, փորձելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցություններում հիմնական կամ միակ արբիտր դարձնել Բրյուսելին, գիտակցաբար բանակցային գործընթացը տանում են մի հարթակ, որտեղ Բաքվի և Անկարայի ազդեցության գործիքակազմն անհամեմատ ավելի հարուստ է, քան Երևանինը։ Ըստ էության, ԵՄ դիրքորոշումների վրա ՀՀ ներկայիս իշխանությունների ազդեցության միակ «կիսագործոնը» մնացել է հակառուսականությունը, որը և ակտիվորեն խաղարկվում է վերջինիս կողմից։ Թեև խոսվեց ԵՄ քաղաքականության վրա ազդեցության թուրք-ադրբեջանական գործիքակազմի միայն էներգետիկ բաղադրիչի մասին, սակայն այն շատ ավելի հարուստ է՝ սկսած տնտեսականից, վերջացրած աշխարհաքաղաքականով։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://shorturl.at/jvwIZ :