ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ «ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԿՈՇՏ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՂԲԻ ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ» ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ
Քննարկման է ներկայացվել «Վանաձոր քաղաքի կոշտ կենցաղային աղբի համակողմանի կառավարման հայեցակարգ» ծրագրի հաշվետվությունը, որը պատրաստվել է գերմանական «ERM GmbH» խորհրդատվական ընկերության կողմից: Վերջինս ուսումնասիրում է Գերմանական զարգացման բանկի (KfW) աջակցությամբ իրականացվող ծրագրի կիրառելիությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից՝ քննարկումների արդյունքում ընդհանուր մոտեցումներ կձեւավորվեն ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման փուլի գործողությունների վերաբերյալ:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գնահատմամբ՝ ծրագրի իրականացումը կարևոր նշանակություն կունենա թե Վանաձորի, թե հարակից համայնքների բնակչության համար` լուծելով հրատապ դարձած աղբահանության խնդիրը:
Հաջող իրականացման դեպքում` ծրագիրը կարող է նաեւ օրինակելի մոդել դառնալ հանրապետության մի շարք այլ համայնքներում աղբահանության արդյունավետ կազմակերպման համար: