ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԻՆՆ Է ՆԱԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ «ԱՐՏԱՀԱՆՄԱՆ» ՑՈՒՑԱՆԻՇՈՎ
Վերջին շուրջ 10 տարվա ընթացքում չինացի զբոսաշրջիկների՝ արտերկրյա ճանապարհորդությունների վրա կատարվող ծախսերն աճել են ավելի քան 8 անգամ: 2012 թվականին չինացիները արտերկրյա ճանապարհորդությունների վրա ծախսել են 102 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ աճել է շուրջ 40%-ով:
Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության տվյալներով՝ զբոսաշրջիկների «արտահանման» ցուցանիշով Չինաստանն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը:
2012 թվականին Չինաստանում միջազգային տուրիստական ուղևորությունների ընդհանուր թիվը կազմել է 83 մլն՝ 2000 թվականին գրանցված 10 մլն-ի դիմաց: Ինչպես փաստում են վերլուծաբանները՝ ցուցանիշի աճը պայմանավորված է այս տարիների ընթացքում չինացիների եկամուտների մեծացմամբ, ինչպես նաև արտերկիր մեկնելու սահամանափակումների թուլացմամբ: Վերլուծաբանները նաև ընդգծում են, որ միջազգային զբոսաշրջության վրա կատարվող ծախսերի աճը վկայում է, որ Չինաստանում ձևավորվում է արագ զարգավող միջին դաս: