ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ «ՀՈՒՅՍԸ» ԱՍԻԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐՆ ԵՆ
2013 թվականին Ասիայի երկրները կապահովեն 5,7% տնտեսական աճ՝ այդ կերպ առավել զգալի «ներդրում» ունենալով համաշխարհային տնտեսության վերականգնման գործընթացում: Նման դիտարկում են ներկայացրել Արժույթի միջազգային հիմնադրամի վերլուծաբանները:
Ըստ հրապարակված զեկույցի՝ ասիական երկրներում պահպանվում է ներքին պահանջարկի կայուն մակարդակը, սպառման և ներդրումների մասով ընդհանուր պայմանները բարենպաստ են, իսկ աշխատանքի շուկայի զարգացումներն, ի տարբերություն մի շարք զարգացած երկրների, մտահոգիչ չեն: Նման պայմաններում, ըստ ԱՄՀ վերլուծաբանների, կարելի է ակնկալել ասիական երկրների տնտեսական աճի լավ ցուցանիշներ:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ ասիական տնտեսությունների համար դեռևս պահպանվում են մի շարք ռիկսեր՝ պայմանավորված առաջին հերթին տնտեսական անհավասարության խորացմամբ, ինչպես նաև Չինաստանի տնտեսության «անկանխատեսելիության հատկությամբ»: