ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Այսօր Կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել ՀՀ Նախագահին կից Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հերթական 10-րդ նիստը:
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ համակարգին, մասնավորապես ատոմային էներգետիկային առնչվող խնդիրներ:
Հանրապետության Նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով, համառոտ անդրադարձել Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման միտումներին եւ հեռանկարներին:
Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդին` Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունն ապահովելու գործում էական ներդրում ունենալու համար: "Մենք գոհ ենք, որ անվտանգության մակարդակը հիմնականում համապատասխանում է այն պահանջներին, որոնք ներկայացվում են միջազգային չափանիշներով: Խորհրդի մասնագետների բարեխիղճ աշխատանքը` խորը մասնագիտական գիտելիքների նպատակային կիրառման եւ իրենց մասնագիտական գործին անշահախնդիր նվիրվածության, օրինակ է: Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգության ոլորտում ձեր կողմից իրականացվող աշխատանքն ապահովում է երկրի էներգետիկ անվտանգության պահպանումն անհրաժեշտ բարձր մակարդակի վրա` միջազգային չափանիշներին համապատասխան",-ընդգծել է երկրի ղեկավարը:
Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բերգհոֆերը շնորհավորել է Հայաստանին` էներգետիկ համակարգի զարգացման գործում կատարած արդյունավետ աշխատանքի համար:
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը նիստի մասնակիցներին ներկայացրել է նախորդ տարվա աշխատանքների մասին հաշվետվություն, պատասխանել խորհրդի անդամների հարցերին: