
Համաշխարհային բանկը վատթարացրել է Ռուսաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը
Համաշխարհային բանկը նվազեցրել է Ռուսաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը: Այս մասին նշված է կազմակերպության Europe and Central Asia Economic զեկույցում։
Հունիսյան կանխատեսման համաձայն՝ Ռուսաստանում ՀՆԱ-ի աճը պետք է կազմեր 1.4%, սակայն այժմ այն նվազեցվել է մինչև 0.9%։
2026 թվականի կանխատեսումն էլ իջեցվել է 1.2%-ից մինչև 0.8%, իսկ 2027-ի՝ 1.2%-ից մինչև 1%։
Համեմատության համար՝ Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2024 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ն աճել է 4.3%-ով։
ՌԴ Պետդումայի փոքր և միջին ձեռնարկատիրության կոմիտեի անդամ Ալեքսեյ Գովիրինն ավելի վաղ հայտարարել էր, որ 2025 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի տնտեսության հեռանկարները չափավոր դրական են։ Նրա խոսքով՝ ՀՆԱ-ի աճը 2024 թվականի համեմատ կարող է կազմել մոտ 0.5%։ Թեև արժութային շուկաներում կլինեն տատանումներ, սակայն դրանք «չեն ազդի քաղաքացիների կյանքի վրա»։
Իսկ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը նշել է, որ բարձր տոկոսադրույքները, որոնք ուղղակիորեն կապված են Կենտրոնական բանկի հիմնական տոկոսադրույքի հետ, սահմանափակում են տնտեսության աճի ներուժը։ Նրա խոսքով՝ կառավարության և ԿԲ-ի ջանքերի շնորհիվ հաջողվել է դանդաղեցնել գնաճը, բայց դրա հետևանքով բիզնեսի շահութաբերությունը և եկամուտները նվազել են։
Միաժամանակ, ըստ Ռեշետնիկովի, Ռուսաստանի ՀՆԱ-ի աճի հիմնական հենարանը շարունակում է մնալ ներքին պահանջարկը, մասնավորապես՝ սպառողականը։ Այդ պահանջարկի պահպանման համար անհրաժեշտ է բնակչության եկամուտների աճ։