Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժը կանգնեցրել է Toyota-ի, Honda-ի և TSMC-ի գործարանների աշխատանքը
Հուլիսի 28-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո մի շարք ճապոնական և արտասահմանյան կորպորացիաներ դադարեցրել են իրենց արտադրական հզորությունների աշխատանքը Կյուսյու կղզում։ Ինչպես հաղորդում է NHK հեռուստաալիքը, ձեռնարկությունները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը՝ ստորգետնյա ցնցումների հետևանքները գնահատելու նպատակով։
Երկրի խոշորագույն ավտոարտադրող Toyota-ն դադարեցրել է Ֆուկուոկա պրեֆեկտուրայում գտնվող երեք գործարանների աշխատանքը։ Ընկերությունը մտադիր է ստուգել սարքավորումները և պարզել, թե ինչ վնասներ են կրել պահեստամասերի մատակարարները։
Նրանց են միացել նաև ավտոմոբիլային շուկայի այլ ընկերություններ։ Honda-ն և Daihatsu-ն նույնպես դադարեցրել են արտադրությունը Կումամոտո, Ֆուկուոկա և Օիտա պրեֆեկտուրաներում գտնվող իրենց արտադրամասերում։
Չիպեր արտադրող TSMC-ն, որի գործարանը գտնվում է Կյուսյու կղզու Կիկույո քաղաքում, ամբողջությամբ տարհանել է աշխատակիցներին։ Բացի այդ, իրենց գործարանների աշխատանքը դադարեցրել են Sony-ն և Bridgestone-ը։
Հիշեցնենք՝ երեկ Կումամոտո պրեֆեկտուրայի շրջանում տեղի է ունեցել 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Ճապոնիայի վարչապետ Սանա Տակաիչին հայտարարել է, որ բնական աղետը մարդկային զոհերի պատճառ է դարձել, ինչպես նաև հանգեցրել է հրդեհների, ճանապարհների և կամուրջների ավիրման, շենքերի փլուզման և մի շարք բնակավայրերում էլեկտրամատակարարման խափանումների։
