Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները
Պետական եկամուտների կոմիտեն տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում գործող հարկ վճարողների մոտ իրականացնում է հարկային կարգապահության բարելավման ծրագրեր, որոնք ուղղված են ոչ միայն հարկային պարտավորությունների պատշաճ կատարման ապահովմանը, այլև հարկային ռիսկերի վաղ բացահայտմանը, կանխարգելմանը և հարկ վճարողների նկատմամբ ռիսկերի վրա հիմնված վարչարարության կիրառմանը։
Կահույքի արտադրության ոլորտում գործող հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի առաջին կիսամյակում հիմնական ցուցանիշների մասով արձանագրվել է դրական դինամիկա, ընդ որում, մի շարք ցուցանիշներով աճի տեմպերն արագացել են նախորդ ժամանակահատվածի համեմատ։
Այսպես, կահույքի առևտրով և արտադրությամբ զբաղվող հարկ վճարողների իրացման շրջանառությունը 2025 թվականի առաջին կիսամյակում՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել էր ընդամենը 3.1%-ով, մինչդեռ 2025–2026 թթ. նույն ժամանակահատվածում աճը հասել է 26.7%-ի։ Այսպիսով, իրացման շրջանառությունն աճել է շուրջ 23.6 տոկոսային կետով։ Հատկանշական է, որ 2026 թվականին արձանագրված 26.7% աճը գերազանցել է ինչպես ՀՀ-ում գործարքների ընդհանուր գումարի 19% աճը, այնպես էլ 2026 թ. առաջին կիսամյակի 7.9% տնտեսական աճի ցուցանիշը։
Դրական փոփոխություններ են արձանագրվել նաև փաստաթղթաշրջանառության մասով․ հաշվարկային փաստաթղթերի քանակի համեմատական աճը 2024–2025 թվականների առաջին կիսամյակներում 9.6%-ից 2025–2026 թվականների նույն ժամանակահատվածներում հասել է 12.3%-ի։ Միաժամանակ, ՀԴՄ կտրոնների քանակի աճի տեմպը հաշվետու ժամանակահատվածում շուրջ 7%-ից հասել է 12%-ի, ինչը կարող է վկայել մանրածախ գործարքների փաստաթղթավորման կարգապահության բարելավման մասին։
Դրական տեղաշարժ է նկատվել նաև զբաղվածության և աշխատավարձերի ցուցանիշներում։ Աշխատողների միջին թվաքանակի աճը 2024–2025 թվականների առաջին կիսամյակներում 5.9%-ից 2025–2026 թվականների նույն ժամանակահատվածներում հասել է 6.6%-ի, իսկ մեկ աշխատողի հաշվով միջին ամսական աշխատավարձի աճը՝ 7.8%-ից 8.6%-ի։
Արձանագրված համեմատական դինամիկան վկայում է ոլորտում հարկային կարգապահության բարելավմանն ուղղված ծրագրի դրական ազդեցության մասին, հատկապես հայտարարագրվող իրացման շրջանառության և մանրածախ գործարքների փաստաթղթավորման ուղղությամբ։
